«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔ

Հակաղարաբաղյան հայտարարություններով Մոսկվան հակառուսական տրամադրություններ է ստեղծում Հայաստանում եւ Ղարաբաղում

Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը Բաքվի լրատվամիջոցներին խորհուրդ է տվել լուրջ ուշադրություն չդարձնել Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսին, որին մասնակցել են միջազգային հանրության կողմից չճանաչված պետական միավորումների պատվիրակությունները:

Սեպտեմբերի 13-16-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես հետխորհրդային իրականություն» թեմայով գիտաժողով, որի կազմակերպիչներն էին չճանաչված հանրապետությունների պետական համալսարանները եւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ հարցերով ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինը:

Բաքվում Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ կոնֆերանսի նպատակն է ռուս քաղաքական գործիչներին ծանոթացնել չճանաչված տարածքներում տիրող իրավիճակին. «Այդ տարածքներ այցելություններն այնքան էլ հեշտ գործ չէ, օրինակ, Ադրբեջանով Լեռնային Ղարաբաղ չես հասնի, իսկ թե ինչպես են ապրում այնտեղ մարդիկ, պետք է իմանալ: Այդ կոնֆերանսը որեւէ կապ չունի չճանաչված հանրապետությունների ճանաչման հետ: Կոնֆերանսի նկատմամբ ուշադրությունը, որն արժանանում է Ադրբեջանում, ինձ թվում է, որ աշխատում է այդ միջոցառման «փիարի» օգտին»:

Ռուսաստանի տարբեր աստիճանի պաշտոնյաներ հաճախ են Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին վիրավորական եւ անհասկանալի հայտարարություններ արել: Շատ դեպքերում Երեւանում դրանք արձագանք չեն գտել, չեն արվել պատասխան հայտարարություններՙ հավանաբար հաշվի առնելով մեր երկրի փոքր լինելու եւ այլ հանգամանքները: Վերջին մեկ տարում Կրեմլի եւ մերձկրեմլյան շրջանակների ոչ հայանպաստ ձեւակերպումները հաճախակի են դարձել: Օրինակ, մեկ տարի առաջ Բեսլանի մանկասպանության օրերին Ռուսբաշին անհասկանալի եւ վիրավորական զուգահեռ անցկացրեց Չեչնիայի եւ Ղարաբաղի միջեւ: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտեց ԼՂ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք ժողովրդավարական չափանիշներով թերեւս ավելի ազատ էին ու արդար, քան Վլադիմիր Վլադիմիրովիչի նախագահ դառնալու երկու ընտրությունները:

Մոսկվան ԼՂ հասցեին պարբերաբար ոչ հաճելի հայտարարություններով նախադրյալներ է ստեղծում Հայաստանում եւ Ղարաբաղում հակառուսական տրամադրություններ ձեւավորելու գործումՙ ընդսմին լուրջ վնաս հասցնելով հայ եւ ռուս ժողովուրդների ավանդական բարեկամությանը: Դրա արդյունքում ենթադրվում է, որ կաճեն ամերիկյան եւ եվրատլանտյան ազդեցությունն ու համակրանքն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Ի տարբերություն ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի, որն ուղղակիորեն Երեւանին «խեղդում» էր 100 մլն դոլար պարտքի հարցում, Մ. Նահանգները տարեցտարի ավելացնում է օգնությունը ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղին:

Ռուսաստանը կարողացավ մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց սեփականացնել հայկական ռազմավարական նշանակության մի քանի ձեռնարկություններ (դրանք այսօր ըստ էության չեն գործում եւ չկան նախանշաններ, որ ռուսները շահագրգիռ են ներդրումներ կատարելու), մինչդեռ Մոսկվան «դուրս գրեց» Ռուսաստանի համար ոչ այնքան ռազմավարական գործընկեր համարվող Սիրիայի մոտ 4 մլրդ դոլար պարտքը:

Երեւանում եւ Ստեփանակերտում Մոսկվայի ոչ բարեկամական գործողություններին անհրաժեշտ է պատասխան տալ: Խոսքն, անշուշտ, դիվանագիտական պատերազմի մասին չէ: Օրինակ, ինչո՞ւ ԼՂ ղեկավարությունը հանրապետության անվտանգության խորհրդի ղեկավարի գլխավորությամբ մասնակցեց Մոսկվայում Զատուլինի կազմակերպած կոնֆերանսին, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ ՌԴ արտգործնախարարությունը վիրավորական հայտարարություններ արեց ԼՂ ընտրությունների առնչությամբ: Եվ ընդհանրապես, այն միջոցառումներին, որոնք կազմակերպվում են ԱՊՀ չճանաչված չորս հանրապետությունների համար, առավել եւս երբ դրա նախաձեռնողը Մոսկվան է, Ստեփանակերտի իշխանությունները կարող են չմասնակցել:

Կրեմլն ամեն առիթով հիշեցնում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ընդունում ԼՂ դե ֆակտո ղեկավարությանը, սակայն ջանասիրությամբ պաշտպանում է Աբխազիային, Հարավային Օսիային եւ Մերձդնեստրին, ակնհայտորեն միջամտում է այնտեղ տեղի ունեցող ընտրություններին եւ ներքաղաքական գործընթացներին: Միջազգային հանրությունը տարբեր տեղեկագրերում հստակ նշում է, որ Ղարաբաղը եւ ղարաբաղյան խնդիրը խիստ տարբերվում են ԱՊՀ մյուս երեք չճանաչված հանրապետություններից, հետեւաբար նաեւ այս կարեւոր հանգամանքը հաշվի առնելով, Ստեփանակերտը պետք է խուսափի եւ հնարավորինս հեռու մնա նրանցից: Ի տարբերություն Ղարաբաղի, միջազգային մամուլում հաճախ է գրվում, որ Սուխումում, Ցխինվալում եւ Տիրասպոլում նստած են «հանցագործ ռեժիմներ»:

Հատկապես Աբխազիայից եւ Օսիայից հեռու մնալը կարեւոր է հայ-վրացական հարաբերությունների առումով: Ճիշտ է, ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանը չի ընկալվում եւ չի համարվում Հայաստանի ռազմավարական դաշնակից, սակայն այսօրվա վիճակը, ինչպես նաեւ մեր երկրի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, Թբիլիսիի նշանակությունը Երեւանի համար նվազ չէ, քան Մոսկվայինը: Վրաստանը, անկախ նրա հանդեպ ունեցած մեր ընկալումներից, միշտ էլ մնալու է մեր հարեւան երկիրը: Նկատենք, որ Ստեփանակերտիՙ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից հեռավորություն պահպանելու քաղաքականությունն ուշադրության է արժանանում Թբիլիսիում: Ի տարբերություն նախորդ տարիներիՙ Վրաստանը չնկատելու տվեց 2004 թ. ՏԻՄ եւ 2005 թ. ԼՂ ԱԺ խորհրդարանական ընտրությունները:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4