«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ԷՐԴՈՂԱՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Բուշի վարչակազմը համաձայն չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունմանը

Թուրքիայի վարչապետն ափսոսանք է հայտնել Մ. Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման առնչությամբ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», հույս է հայտնել, որ բանաձեւերը չեն փոխանցվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ:

Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը եւս համաձայն չէ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունմանը: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին հայտարարել է, որ նախագահ Բուշի վարչակազմի դիրքորոշումը 1915 թ. դեպքերի առնչությամբ անփոփոխ է. «Այս հարցը չպետք է քաղաքականացվի, այլ պետք է քննարկվի լրջորեն եւ անկեղծ»: «Վարչակազմը չի աջակցել Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի երկու բանաձեւերի ընդունմանը: Այդ դիրքորոշումը փոխանցվել է կոնգրեսականներին, ովքեր կասկած չունեն պետքարտուղարության եւ ամերիկյան վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ», ասել է Էրելին:

Ուրբաթ օրը զույգ բանաձեւերով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր, չնայած քննարկումից առաջ պետքարտուղարությունն ուղերձ էր հղել եւ կոնգրեսականներին հորդորել, որ «բանաձեւերը կվնասեն թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ կխոչընդոտեն Անկարային եւ Երեւանին, որոնք սկսել են քննարկել այդ հարցը եւ նայել դեպի ապագա»:

Քննարկումների ընթացքում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի հեղինակ Ադամ Շիֆը հիշեցրել էր 2003 թ. մարտի 1-ի որոշումը, որով Թուրքիայի խորհրդարանն արգելեց ամերիկյան զինուժի եւ ռազմական տեխնիկայի տեղակայումը Թուրքիայի տարածքումՙ Իրաք ներխուժման նախօրեին: Շիֆը նկատել էր, որ եթե Թուրքիայի խորհրդարանի որոշումը չվնասեց Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին, ապա Հայոց ցեղասպանության բանաձեւերը եւս չեն կարող վնասել:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով երկու բանաձեւերի ընդունումը Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում, մեջբերել էր նաեւ նախագահ Բուշի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձի հետեւյալ հատվածը. «Մենք հիշում ենք 1,5 մլն հայերի բռնի տեղահանումն ու զանգվածային տեղահանումները Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այդ ահավոր իրադարձությունը շատ հայեր անվանում են Մեծ եղեռն»: «Մենք նայում ենք Հայաստանի եւ Թուրքիայի ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագայինՙ հուսով, որ թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրդողանի վերջերս արված առաջարկը հնարավորություն կտա առաջ տանելու այդ գործընթացները», ասվում էր Բուշի ուղերձում:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթը, վկայակոչելով Նյու Յորքի «Էլիթոք-Հարթնեթ» փաստաբանական գրասենյակի սեփականատերերից Ադա Էլիթոքին, հաղորդում է, որ վերջինս պատրաստել է «հայերի կողմից թուրքերի դեմ 1915-23 թթ. Արեւելյան Անատոլիայում իրագործած ցեղասպանության բանաձեւ», որը պատրաստվում է ուղարկել Ներկայացուցիչների պալատ: Փաստաբան Էլիթոքը բանաձեւերի նախագծում պնդում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայերը կոտորել են 2,5 մլն թուրքերի եւ հրեաների, հիմնականում մանուկների եւ կանանց: Էլիթոքը կոնգրեսականներին առաջարկում է ապրիլի 12-ն ընդունել «թուրքական ցեղասպանության» ոգեկոչման օր, իսկ Մ. Նահանգների նախագահն իր ուղերձներում պիտի հիշատակի «թուրքական ցեղասպանությունը»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4