«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


«ԲՌՆԱՊԵՏՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ ԱՆԿԱԽ ԱՆՎԱՆՈՒՄԻՑՙ ՍԱԴԴԱ՞Մ, ԹԵ՞ ԲՈՒՇ»

Սեպտեմբերի 15-ին, երբ ԱՄՆ Կոնգերսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Ջավիթ Թորուն Դիարբեքիրի տեղական թերթում հրապարակած հոդվածով խստագույն դատապարտում է ԱՄՆ-ին:

Դատապարտումը որեւէ առնչություն չունի ցեղասպանության բանաձեւերին, այլ պայմանավորված է Հյուսիսային Իրաքի մեծապես թուրքմեններով բնակեցված Թալ Աֆար քաղաքի դեմ անցյալ շաբաթ ամերիկյան զորքերի ձեռնարկած ռազմական գործողություններով: Այնուամենայնիվ, Թորունի հոդվածը չափազանց խիստ է գրված: Այդ գործողություններին նրա հակազդեցությունը հանգում է կատարյալ անարգանքի:

Սեպտեմբերի 16-ի համարում «Միլլիեթն» առանձին մեջբերումներով անդրադարձել է Թորունի «Անարժանապատիվ քաղաքականություն» վերնագրով հոդվածին, նշելով, որ նա իրաքում վարած քաղաքականության համար «գետնին է խփում» ԱՄՆ-ին: Ահա թե ինչ է գրել Թորունը. «Նրանք, ովքեր պատերազմելու են, թող պատերազմեն առանց ստորանալու: Անմեղ մարդկանց, անզեն կանանց եւ երեխաների դեմ անբարոյական գործողություններ չփորձեն կիրառել: Հիմա էլ հարձակվել են թուրքմենական Թալ Աֆարի վրա: ԱՄՆ-ն ու նրա թիկունքից արժանապատվությունը կորցրած զինվորի կերպարանքով վազող կապիկները Թալ Աֆարում ռմբակոծում են այն ամենը, ինչը շարժվում է»:

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորն այնուհետեւ շարունակել է. «Տարածաշրջանում մարդկանց սրբությունների վրա անեծքի սերմեր ցանող ամերիկացի զինվորները կարծում են, թե դրանք կաճեցնեն իրենց կեղտերով: Եթե հետահայաց անդրադառնանք տարածաշրջանում կատարված հեղաշրջումների եւ պատերազմների պատմությանը, ապա կտեսնենք, որ դրանք իրականացվել են ԱՄՆ-ի ու նրա պնակալեզ զավակ Անգլիայի անմիջական մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ»:

«Միլլիեթը» նշում է, որ Թորունը մինչ այդ հայտարարելովՙ «Բռնապետները մնում են անփոփոխ անկախ անվանումիցՙ Սադդա՞մ, թե՞ Բուշ», Վաշինգտոնի առջեւ ծանր կացության մեջ էր դրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թուրք-ամերիկյան տարաձայնությունների վերաճումը հակասություններիՙ Թուրքիայում հանգեցրել էր հակաամերիկյան տրամադրությունների ծավալմանը: Երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Ջավիթ Թորունի վերոհիշյալ հոդվածը, որտեղ նա հակազդեցության քողի տակ ԱՄՆ-ին ենթարկում է կատարյալ անարգանքի, ցույց է տալիս, որ այդ տրամադրություններից զերծ չեն նաեւ իշխանության ներկայացուցիչները: Հատկանշական է, որ նրանք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունման առնչությամբ նախընտրում են շարունակել դրսեւորվող զսպվածությունը:

Սա նշանակում է, որ թուրքական իշխանությունները դեռեւս հույս ունեն Վաշինգտոնի վարչակարգի միջոցով կանխել բանաձեւերի մուտքը Ներկայացուցիչների պալատի օրակարգ, կամ այդ վարչակարգը կանխելու համար նրանցից լուրջ զիջումներ է պահանջում ինչպես քրդական, այնպես PKK-ի հարցերում, կամ էլ Թուրքիան ցեղասպանության ճանաչման հարցը թողնում է ինքնահոսի, նախապես իմանալով, որ բանաձեւերի հաստատումը Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-ին կզրկի այդ հարցն իբրեւ ազդեցության լծակ թուրքական պետության դեմ օգտագործելու հնարավորությունից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4