«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ ԷՄԻՆ ՔԱՐԱՋԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ «ԲԱՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Բրյուսելում գործող «Էնֆո-թյուրք» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի առաջին ատյանի թիվ 2 քրեական դատարանը 2005 թ. սեպտեմբերի 13-ին գրող եւ լրագրող Էմին Քարաջային 5 ամսվա բանտարկության է դատապարտել 1971 թ. մարտի 12-ի խռովության առաջնորդ գեներալներին քննադատելու համար: Ապա դատավճիռը մեղմացվել է, փոխարինվելով 900 նոր թուրքական լիրա տուգանքով եւ պայմանական բանտարկությամբ:

Նույն դատավարության շրջանակներում «Էնֆո-թյուրքի» գլխավոր խմբագիր Դողան Եոզգյուդենը 2002 թ. «Գրականությունը Թուրքիայում ու Եվրոպայում» թուրքալեզու հանդեսում իր «30 տարի անց» հոդվածի հրապարակման կապակցությամբ մեղադրվել էր թուրքական բանակի ղեկավարներին վիրավորելու համար: Կարգադրվել էր Բելգիա տարագրված Եոզգյուդենի վերադարձի դեպքում նրան հանձնել Թուրքիայի արդարադատության մարմիններին:

2005 թ. հունիսի 22-ին գլխավոր դատախազը կարգադրել էր Եոզգյուդենի գործը զատել նույն հանդեսում հոդված տպած Քարաջայի գործից, որպեսզի հնարավոր լինի առանձին դատել վերջինիս: Քարաջայի դատավարությունը ցույց է տալիս, որ Եվրոմիությունում գնահատվող թուրքական քրեական նոր օրենսգիրքը եւս ծառայում է այլախոհ գրողների եւ լրագրողների հետապնդմանն ու դատապարտմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4