«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


Ո՞Ր ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԿԱՌԱՎԱՐԻ ԳԵՐՄԱՆԻԱՆ

Վերլուծաբանների կարծիքով, առեղծվածը պարզ կդառնա այս շաբաթ

Գերհարդ Շրյոդե՞րը լավ գոլ խփեց, թե՞ նրա թիմակիցները, դեռեւս վերլուծությունների կարոտ է, բայց որ սեպտեմբերի 18-ին կայացած ԳԴՀ արտահերթ ընտրությունների արդյունքում նրան հաջողվեց ավելի մեծ համակրանք շահել, քան, ասենք Անգելա Մերկելին, արդեն պարզորոշ է: Քաղաքական ամենափորձառու հետազոտողներն էլ ասում են, թե այս մրցապայքարի արդյունքն անակնկալ էր, չսպասված, լուրջ հետազոտության կարոտ, ասենք օրինակ, ինչո՞ւ կամ ինչպե՞ս, հատկապես ո՞ր սխալի պատճառով ՔԴՄ-ՔՍՄ իր ակնկալած քվեները չունեցավ: Ճիշտ է, Գերմանիայում ընտրությունները դեռ լրիվ չեն ավարտվել. ընտրաթեկնածուներից մեկի մահվան պատճառով Դրեզդենի 219000 ընտրողները հոկտեմբերի 2-ին են գնալու քվեարկության, բայց Դրեզդենի արդյունքը դժվար թե փոխի, ասենք, ՔԴՄ-ի ճգնաժամային դրությունը, ինչպես այն բնութագրեցին որոշ անկախ դիտորդներ: Եթե ընտրապայքարում Շրյոդերի համար ձայների 34 տոկոս ստանալը տոնական տրամադրություն ունենալու առիթ է, Մերկելի համար ձայների 35 տոկոսըՙ ձախողում է, քանի որ 1949-ից հետո սեւերըՙ ՔԴՄ-ՔՍՄ նման արդյունք չեն գրանցել, 1998-ին Հելմուտ Քոլը 35,1 տոկոս էր շահել:

Իսկական հաղթանակ են տոնում Ազատ դեմոկրատներըՙ հավաքել են ձայների 10 տոկոս, եւ Ձախերըՙ ստացել են 8 տոկոսը: Արդեն հայտնի է, որ Բունդեսթագում ներկայացված կլինեն չորսի փոխարեն հինգ խմբակցություններՙ 222 տեղ կստանան կարմիրներըՙ ՍԴԿ, 225 տեղ սեւերըՙ ՔԴՄ-ՔՍՄ, 61 տեղ դեղիններըՙ Ազատ դեմոկրատական կուսակցությունը, 54 տեղՙ Ձախերը, 51 տեղՙ Կանաչները: Վերջինիս գլխավոր թեկնածու Յոշկա Ֆիշերը պրագմատիկորեն գնահատեցՙ այս ընտրությունները դժվար արդյունք գրանցեցին, առավել դժվար է կռահել, թե որ կոաիլիցիայի առկայության դեպքում երկիրը կայուն տնտեսական զարգացում կունենա: Մեծամասնություն չունենալու պատճառով նախկինՙ Կարմիր-կանաչ կոալիցիան չի կարող կառավարել երկիրը, նույնն է նաեւ ՔԴՄ-ՔՍՄ-Ազատ դեմոկրատների պարագայում:

Վերլուծաբանները հակված են ենթադրելու, որ այս շաբաթավերջին արդեն հայտնի կդառնա, թե կոալիցիայի որ տարբերակն է կառավարելու ԳԴՀ-ն: Գերհարդ Շրյոդերը կարծիք հայտնեց, թե ամենահարմարi Կարմիր-կանաչ-դեղին կոալիցիան է, բայց Ազատ դեմոկրատների նախագահ Վեստվելլեն մերժեց այն ասելովՙ չենք ուզում լուսակրի վերջին գույն լինել, միշտ ասել ենք, որ կողմնակից ենք քաղաքական նոր սկզբի: Կոալիցիայի հաջորդ տարբերակն, այսպես կոչված, Յամայկա կոալիցիան էՙ ՔԴՄ-ՔՍՄ-Ազատ դեմոկրատներ-Կանաչներ, մյուս տարբերակը այսպես կոչված Մեծ կոալիցիան էՙ կարմիր-սեւ (Սոցիալ-դեմոկրատներ-ՔԴՄ-ՔՍՄ): Շրյոդերը կիրակի օրը հայտարարեց, թե դեմ է Մեծ կոալիցիա ձեւավորելուն, բայց որեւէ բան չի կարող ասել, եթե կոալիցիա կազմեն ՔԴՄ-ՔՍՄ, Ազատ դեմոկրատներն ու Կանաչները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4