Ավարտվեց «Արմմոնո-3» միջազգային փառատոնը
Մեկ շաբաթ շարունակ Երեւանում իսկական թատերական տոն էր. պատանի հանդիսատեսի թատրոնի մեծ ու փոքր դահլիճներում, անգամ գրիմանոցում ներկայացումներ էին տալիս մոնոներկայացումների «Արմմոնո» շեքսպիրյան միջազգային փառատոնի մասնակիցները: Արդեն երրորդ անգամ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ ու ջանքերով մեզանում անցկացվում է «Արմմոնո» միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնը թեմատիկ ուղղվածություն ուներ. բոլոր ներկայացումները ստեղծվել էին անմահ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա:
Հովհաննես Բաբախանյան, Արթուր Կարապետյան, Մարիամ Ղազանչյան, Կարեն Ջանիբեկյան, Տրդատ Մակարյան, Արամ Հովհաննիսյան, Մխիթար Մելքոնյան, Գուժ Մանուկյան, Անուշ Փանոսյան (Հայաստան), Գարեթ Արմսթրոնգ (Մեծ Բրիտանիա), Դեննի Ռոսսել (Ֆրանսիա-Շվեյցարիա), Առնոլդ Շվեցով (ԱՄՆ), Քշիշտոֆ Գորդոն (Լեհաստան), Էզաթօլահ Մեհրավարան (Իրան), Աննա Մելե (Թուրքմենստան), Կոնստանտին Ժելդին (Ռուսաստան). ահա նրանք, ովքեր Շեքսպիրի բարդ ու բազմակերպար ստեղծագործությունները ներկայացրին մոնոդրամայի միջոցով: Անշուշտ, բարդ խնդիր էր առաջադրված փառատոնի մասնակիցներին, սակայն խնդիրը լուծվեց լավագույն ձեւով: Եթե թատերագիտական ծեքծեքումների մեջ չընկնենք, ասենք, որ բոլոր ներկայացումներն էլ վառ ու համարձակ էին:
«Արմմոնոյի» հենց առաջին օրը ցուցադրվեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը: Հանճարեղ «Օթելլոյի» ինտերպրետացիան հեղինակին դժվար վիճակի մեջ պետք է դներ. չէ՞ որ պետք է պահպանվեր մոնոներկայացման պահանջը: Եվ, իսկապես, բեմում միշտ մեկ արտիստ էր: Հովհաննես Բաբախանյանը, Արթուր Կարապետյանը եւ Մարիամ Ղազանչյանն իրար էին հաջորդում: Բեմականացման հեղինակն ու բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը կարողացել էր հավաստի ներկայացնել մարդկային ողբերգությունը:
Հաջորդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի մասնակիցներն առիթ ունեցան հանդիպելու աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի հետ, որի շեքսպիրյան ստեղծագործությունների բեմադրություններն աշխարհի տարբեր երկրներում միշտ էլ լուրջ խոսակցությունների առիթ են ստեղծել:
Փառատոնի վերջին օրը հանդես եկավ Անուշ Փանոսյանը, որը Շեքսպիրին ներկայացրեց... առանց խոսքի, միայն պլաստիկայի ու երաժշտության օգնությամբ: Ջուլիետըՙ անմահ սիրո հավերժական խորհրդանիշ Ջուլիետը մեզ ներկայացվեց յուրովի:
Եվ, ահա, փառատոնն ավարտված է:
- Ես համոզեցի շատ-շատերին, որ կարելի է մոնոներկայացումների շեքսպիրյան փառատոն անցկացնել,_ փառատոնի ավարտին ասաց այս միջազգայինի տնօրեն Հակոբ Ղազանչյանը: _ Ոչ մի կասկած չունեմ, որ այս փառատոնը մի քանի տարի հետո կդառնա միջազգային լուրջ փառատոն, որին մասնակցելը մեծ պատիվ կհամարվի աշխարհի յուրաքանչյուր արտիստի համար:
Լեհաստանի շեքսպիրյան միջազգային փառատոնի, ինչպես նաեւ «Արմմոնո-3»-ի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկին նույնպես համոզված է, որ հայկական փառատոնը հաջողվեց: Ի տարբերություն լեհականի, որն անսամբլային ներկայացումների փառատոն է, «Արմմոնո-3»-ում աշխարհում առաջին անգամ Շեքսպիրը ներկայացվեց մոնոներկայացումների ձեւով: «Ինձ համար սա հզոր մի երեւույթ է, եւ հավաստում եմ, որ այն այդպես էլ կշարունակվի: Ամենակարեւորն այն է, որ մենք կրկին հանդիպեցինք Շեքսպիրին եւ նրա միջոցովՙ ինքներս մեզ»:
Մարկ Ռոզովսկին, որը երեւանյան հանդիսատեսին էր ներկայացրել «Մոսկովյան «Համլետը» փորձարարական ներկայացումը, մեծ համարձակության էր դիմել: «Դժվար է համատեղել Շեքսպիրի եւ Չեխովի նման հսկաներին, բայց նրանց միավորում է ներքին միասնականությունը: Ուրախ եմ, որ Երեւանն էլ վատ չընդունեց այս փորձարարությունը: Փառատոնն ամրապնդեց իմ այն համոզմունքը, որ այն, ինչ անում է Հակոբ Ղազանչյանը, անչափ կարեւոր է թատրոնի մարդկանց համար: Այսօր թատրոնում այնքան շատ են կործանարար միտումները, տարանջատումները, որ ցանկացած փոխգործակցություն փրկարար օղակ է դառնում»:
Այո, մեր (ինչու միայն մեր, նաեւՙ աշխարհի բոլոր) թատրոններում այս տարանջատումները, աղանդավորությունը կարող է ստորացնել թատրոնի հզոր էությունը: Ուստի Հակոբ Ղազանչյանի գործունեությունն իսկապես անչափ կարեւոր է: «Արմմոնոյի» տնօրենն այսօրվանից արդեն մտմտում է հաջորդՙ 4-րդ փառատոնի մասին: Այն պետք է սկսվի մի ներկայացմամբ, որի ժամանակ Ուիլյամ Շեքսպիրը կներկայացվի աշխարհի 12 երկրների հայտնի արտիստների մեկնաբանությամբ, 12 լեզվով:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ