«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


«ԴԻԼԻՋԱՆ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Մաեստրո Վաչե Պարսումյանի եւ ջութակահար Մովսես Պողոսյանի նախաձեռնությամբ «Լարք» երաժշտական ընկերության «Դիլիջան» կամերային երաժշտության շարքը, որն, ըստ Գլենդեյլից ստացված մամուլի հաղորդագրության, կատարողական արվեստի Քոլբըրն կենտրոնի (Լոս Անջելես) Զիպր համերգասրահում է մեկնարկելու սեպտեմբերի 25-ին, հավակնում է անջնջելի տպավորություն թողնել նահանգի երաժշտական կյանքի վրա: Նախատեսվում է, որ այդ շարքը նահանգի երաժշտասերներին կներկայացնի հայկական դասական եւ ժամանակակից երաժշտության նոր ստեղծագործություններՙ գրված Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Միրզոյանի կողմից: Շարքին մասնակցելու են, ըստ հաղորդագրության, Լոս Անջելեսից փնտրված կատարողներ Մարտին Չալիֆուրը, Սթյուարտ Քանինը, Գարի Գրեյը, Պոլ Քոլեթին եւ Ջոն Ուոլցը:

Ավելացնենք, որ մաեստրո Վաչե Պարսումյանը մոտ մեկ տասնամյակ առաջ հիմնել էր «Լարք» երաժշտական ընկերությունըՙ նպատակ ունենալով սփյուռքում պահպանել եւ սերունդներին փոխանցել հայկական ավանդական երաժշտությունը: Իսկ Մովսես Պողոսյանը, որը 1986 թ. Չայկովսկու միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է, վերջերս նշանակվել է «Դիլիջան» կամերային երաժշտության շարքի գեղարվեստական ղեկավարը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4