Օրերս նշվեց բազմաժանր գրող, Կալիֆոռնիայի հայ գրողների միության փոխատենապետ, Հայաստանի գրողների միության անդամ Լեւոն Սողոմոնյանի ծննդյան 75 եւ գրական գործունեության 50-ամյակներին նվիրված հոբելյանական երեկոն:
1976 թ.-ից ԱՄՆ-ում բնակվող գրողը գրական կեսդարյա գործունեության ընթացքում հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ` իր ուժերը փորձելով գրեթե բոլոր ժանրերում` բանաստեղծություններից մինչեւ վեպեր, գիտական ուսումնասիրություններ, անգամ բժշկության, ազգային խոհանոցի, անեկդոտների եւ զվարճապատումների մասին գրքեր. մի խոսքով 90 անուն գիրք: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, մի ժանրն էլ հերիք է, որ գրողն ինքնահաստատման հայտ ներկայացնի գրականություն: Իսկ Լեւոն Սողոմոնյանի նման բազմաժանր գրողի ստեղծագործություններում միության նախագահը կարեւորում է երեւանյան վեցհատորյակը, որը հին Երեւանի դեպքերի եւ դեմքերի մասին ականատեսի պատմածն է, «Զարմանահրաշ աշխարհ» հանրագիտական շարքը, աշխարհում կատարվող մեծ հանցագործությունների մասին պատմող «Հանցանք եւ պատիժ» մատենաշարը: «Բացառիկ արդյունավետ գրող է, 90 անուն գրքով նա հանգիստ կարող է մտնել Գինեսի գիրք` որպես ժամանակակից գրող», հավելեց պրն Անանյանը:
«Գլխավոր ոզնի» Արամայիս Սահակյանն էլ, նախանձ մարդ չլինելով, նախանձում է Սողոմոն իմաստունին` այսինքնՙ Լեւոն Սողոմոնյանին: «Հեղինակությունների մասին գրելով` նա իր համար ստեղծեց մեծ հեղինակություն», նշեց երգիծաբանը` տեղեկացնելով, որ Լեւոն Սողոմոնյանը նաեւ դարձել է վերջերս ստեղծված «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ` ներկայացնելով Երեւանը եւ Լոս Անջելեսը:
Հոբելյարի եւ նրա ընթերցողների համար ստեղծագործական երեկոն կրկնակի տոն էր, քանի որ ներկայացվեց Լեւոն Սողոմոնյանի նոր` «Փախուստ դժոխքից» վեպը, որ 1945 թ. աքսորյալների մասին է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ