Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ցեղասպանության 90-ամյա միջոցառումների շարքում նախաձեռնել է Ռուբեն էլբակյանի «Կոմիտաս» ձայնասկավառակի թողարկումը, որի շնորհանդեսը երեկ էր: 14 երգերից բաղկացած սկավառակն ընդգրկում է Կոմիտասի այնպիսի հրաշալի ստեղծագործությունները, ինչպիսիք են «Կռունկը», «Անտունին», «Հով արեք, սարերը», «Գարուն ա», «Չինարի ծառը» եւ այլն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի ներկայացմամբՙ ֆրանսիաբնակ տենոր Ռուբեն Էլբակյանը յուրովի եւ նորովի է ներկայացրել Կոմիտասի երգերը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին իր շնորհավորական խոսքում նշեց, որ Ռուբեն Էլբակյանի կարիերայի պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ սերն է տիրում: «Ես լեզվաբան չեմ, բայց մոտեցնում եմ երգ եւ երկիր բառերը: Հայաստանը երգի երկիր է, իսկ Ռուբեն Էլբակյանի երգը խորապես արտահայտում է այդ երկրի հոգին», ընդգծեց դեսպան Կյունին: Ինքըՙ Ռուբեն Էլբակյանը, սկավառակի թողարկումը համարեց մեծ պատիվ եւ իր երազանքներից մեկի իրականացումը:
Գ. Գ.