Մեր գռեհիկ սովորույթներըՙ նույնպես
Մուսա լեռան հերոսամարտի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների եզրափակիչ տոնախմբությունը, որ սկսվել էր շաբաթ երեկոյան` ավանդական հարիսայի եփման նախապատրաստությամբ, ավարտվեց կիրակի օրը` 1976 թ. կառուցված հուշակոթողի մոտ կազմակերպված տոնախմբությամբ: Պատմության մեջ առաջին անգամ Վեհափառի թույլտվությամբ հուշակոթողում տեղադրված խորանում մատուցվեց բացօթյա սուրբ պատարագ: Հոգեհանգստի պատարագը, որը մատուցեց Արագածոտնի թեմի առաջնորդ-ոխանորդ հայր Թորգոմ Տոնիկյանը, նշանավորվեց նաեւ մեկ այլ հանգամանքով. պատարագը խնկարկվեց Մուսա լեռան Հաջի-Հաբիբլի գյուղի եկեղեցու բուրվառով:
Դեռ շաբաթ գիշերվանից հուշակոթողի շրջակայքում հավաքվածներից շատերը վրաններ էին խփել` մասնակցելով պատարագին, այցելելով հուշակոթողին կից «Մուսա լեռ» ցուցասրահներ եւ հատկապես սպասելով հարիսայից օգտվելու արարողությանը:
1982 թ. հիմնադրված, Սարդարապատի ազգային ազատագրական պայքարի թանգարանի մաս կազմող ցուցասրահները անկրկնելի արժեք եւ պատառիկներ են ներկայացնում: Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափին տեղակայված Մուսա լեռ գավառը, որտեղ հայությունը հաստատվել է առավելաբար 1516 թ.-ից հետո, դարձել էր փարթամ հայկական շրջան` ավելի քան 6000 բնակիչներով: Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբիբլի, Խըդր-բեկ, Վագըֆ եւ Քեբուսիե 6 գյուղերից բաղկացած Մուսա լեռան հայերը հիմնականում զբաղվել են երկրագործությամբ, արհեստներով, շերամապահությամբ, զարգացրել են մշակույթ: Ցուցասրահներում ներկայացված են ինքնապաշտպանության մասնակիցների, տեղահանվածների լուսանկարներ, գյուղերի պատկերներ, նրանց աշխատանքային գործիքները, տնային կահ-կարասին, հագուստներ, փաստաթղթեր:
Սուրբ պատարագից հետո` միջոցառման հանդիսավոր մասում, տարբեր ելույթներին շաղախված երգ ու պարն էր, մուսալեռցու խրոխտ եւ ոգեշնչված պարը, որին մասնակցում էին նաեւ դրսից եկած տարեցները: Նորին սուրբ օծության անունից ուխտավորներին ողջունեց գերաշնորհ Ներսես արք. Պոզապալյանը: Աշխարհի տարբեր ծայրերում հաստատված մուսալեռցիների ներկայացուցիչները շնորհավորեցին ներկաներին, իսկ Սան Ֆրանցիսկոյի ներկայացուցիչ Շուշան Թաշչյանը, հպարտանալով մուսալեռցիների հաղթանակով, մեջբերեց բանաստեղծի հայտնի տողերը. «Մենք լեռն ենք տակավին, թող հետ գա թշնամին»:
Ավանդական հարիսայի պատմությունը միության կազմակերպիչ Սոնյա Թաշչյանը ներկայացրեց այսպես. «Կոնկրետ հարիսա ճաշատեսակի ընտրության նախապատմությունը բացատրվում է այն հանգամանքով, որ մուսալեռցիները հարուստ էին ցորենով եւ մսով, հետեւաբար հարիսայի եփումը` մանավանդ հերոսամարտի օրերին, շատ մատչելի էր եւ հարգի»: «Իսկ կաթսաների քանակը, եթե երբեւէ 40 է եղել, ապա դա սիմվոլիկացրել է Ֆրանց Վերֆելը, իրականում մուսալեռցիները պայքարել են 53 օր: Ամեն տարի կաթսաները եղել են ըստ տարեդարձի թվի, իսկ 80-ականներից հետո, ելնելով ժողովրդի պահանջից, կաթսաների թիվը տատանվել է 90-ից 110-ի սահմաններում», պատմեց բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը: Իսկ կաթսաների թիվն այս տարի 105-ն էր, ինչը սակայն էական չէր: Երգ ու պարից, հարիսայի օրհնությունից հետո սկսվեց հարիսայի բաժանումը, որը, մեղմ ասած, տխուր տեսարան էր: Նման պատմական անցյալ ունեցող ազգս մի ափսե հարիսայի համար պատրաստ է ամենատհաճ արարքների, որը եթե մի որոշ շերտի համար արդարացված է, ապա մեկ այլ դեպքում պարզապես դժբախտություն է:
Առհասարակ, մեզ մոտ կազմակերպվող «կերուխումի» հատված ունեցող միջոցառումները պետք է լավ կազմակերպել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ