«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Մեկնարկեց բարձր տեխնոլոգիաների միջազգային 5-րդ գիտաժողովը

Այս օրերին աշխարհի 12 երկրների ավելի քան 35 մասնագետներ, հայաստանյան գիտնականներ Երեւանում քննարկում են կոմպյուտերային գիտությանը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող հիմնահարցեր: Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց ոլորտին նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը: Բացման խոսքում ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը ողջունեց գիտաժողովի պատվիրակներին, շնորհակալություն հայտնեց արտասահմանյան գործընկերներինՙ աշխատանքներին մասնակցելու համար: «1997 թ. տեղի ունեցած առաջին գիտաժողովին նշեցինք նման միջոցառումների անհրաժեշտությունը, խոսեցինք Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման պասսիվ տեմպերի եւ դրա շարունակության դեպքումՙ ոլորտում կորուստների հնարավորության մասին: Այսօրվա պատվիրակների եւ զեկույցների առկայությունը խոսում է տեմպերի գոհացուցիչ ընթացքի մասին», ասաց նա:

Նա կարեւորեց գիտաժողովին երիտասարդների մասնակցությունը: Ներկայացված 135 զեկույցներից ավելի քան 40-ի հեղինակը Հայաստանի երիտասարդ գիտնականներն են: ԳԱԱ փոխնախագահ, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար Յուրի Շուքուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում խնդիր է գիտության ոլորտում երիտասարդ մասնագետների պակասը: «Դեռեւս ուսանողական տարիներից պետք է հատուկ քաղաքականություն տանել մասնագետների մուտքը գիտություն ապահովելու համար, ասաց նա: Պետք է ամեն ինչ անենքՙ նրանց այդ ոգով կրթելու համար»:

Պրն Շուքուրյանի հավաստմամբ, նմանատիպ գիտաժողովները հիմք են դառնում նոր համագործակցության ու ծրագրերի: Նախորդ չորս համաժողովների արդյունքում, ըստ նրա, 4-5 մեծ նախագծեր են իրականացվել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի գործընկերների հետ:

Մոսկվայի հեռահաղորդակցության եւ ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի ռեկտոր Վահան Շահգիլդյանը նշեց, որ իրենք տեղյակ են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող աշխատանքներին: «Բավականին մեծ աշխատանք է տարվում նոր տեխնոլոգիաների զարգացման, կրթության ներդրումների ոլորտում: Մեզ համար շատ հաճելի է, որ մեր համագործակցության արդյունքում ստեղծված Վիրտուալ կովկասյան ինստիտուտն արդյունավետ կրթություն է ապահովում»:

Նա կարեւորեց այս տարի Թունիսում նախատեսված գագաթաժողովին ստորագրվելիք փաստաթուղթը, որ վերաբերելու է մասնակից պետություններում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը:

Օրվա երկրորդ կեսին գիտաժողովի մասնակիցները երկու բաժիններով քննարկեցին ոլորտի առջեւ ծառացած խնդիրներն ու նոր զարգացումները: Մինչ ուրբաթ գիտաժողովում հատուկ ուշադրության կարժանանա Հայաստանում գիտական հաշվարկներ կատարելու բարձրարտադրողականության համակարգի ստեղծմանը, որը հիմնված է բարձրարտադրողականության հաշվողական «Արմկլաստեր» համակարգի վրա: Դա իրականացվել է միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագծով: «Արմկլաստերը» եւ դրա զարգացման հարցերը կդառնան սեպտեմբերի 21-ի աշխատանքային սեմինարի քննարկման հիմնական թեման:

Այսօր կազմակերպվելու է կլոր սեղանՙ նվիրված ինֆորմատիկայի բնագավառի կրթության, գիտության եւ տեխնոլոգիայի համատեղ գործունեությանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մասնագետների պատրաստմանը, միջազգային շուկային Հայաստանի մասնակցությանը, պետության դերին, կապուղիների մենաշնորհին:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4