Մեր իշխանաւորները հիմա էլ միտք են դրել վերացնել «Կանչ» մանկական թերթը, որն ունի 80 տարուայ պատմութիւն եւ որով սնուել ու դաստիարակուել են XX դարի մեր սերունդները ինչպէս Հայաստանում, այնպէս էլ նախկին միութենական հայաշատ հանրապետութիւններում:
Բաւական է ասել, որ «Պիոներ կանչը» մեր սերնդի, մեզանից առաջ ու կրտսեր սերունդների մանուկների ամենասիրելի թերթն էր, որովհետեւ տոգորուած էր վառ հայրենասիրութեամբ, գիտամշակութային բովանդակութեամբ, նաեւ հայ եւ համաշխարհային գրականութեան ընտիր էջերի լուսաբանմամբ, որով մեր մանուկները ստանում էին ոչ միայն հիանալի գիտելիքներ, այլեւ, առանց չափազանցութեան կարելի է ասել, դասւում էին նախկին միութեան ամէնից շատ տեղեկացուած երեխաների թուին եւ համամիութենական տարբեր օլիմպիադաներում շահում էին առաջնակարգ տեղեր: «Կանչ»-ը այն մանկական թերթն էր, որ արցախեան յաղթական պատերազմի սկզբից մինչեւ վերջ լուսաբանում էր մեր ժողովրդի հերոսական մաքառումը:
Թերթի 80 տարիների գոյութեան ընթացքում հայ մտաւորականութիւնը, որ իր պատանեկութեան տարիներից սնուել էր «Կանչ»-ի բարոյահոգեբանական, ազգային մշակոյթի ու գիտութեան, գրականութեան ու պատմութեան հերոսական էջերի օրինակներով, իսկական թրծարան էր մեր երեւելի ու նշանաւոր գործիչների համար (Սիլվա Կապուտիկեան, Գէւորգ Էմին, Սերօ Խանզատեան, Վախթանգ Անանեան, Վարդգէս Պետրոսեան, Հրանտ Մաթէոսեան, Պերճ Զէյթունցեան, Ռազմիկ Դաւոյեան եւ այլք) կամ գրեթէ մեր ողջ մտաւորականութեան համար: Ես էլ դեռեւս 50-ականների կէսերին իմ առաջին մկրտութիւնը մամուլում ստացել եմ «Պիոներ կանչ»-ումՙ ձեւաւորելով ֆրանսիացի մեծ գրող Պրոսպեր Մերիմէի «Մաթէօ Ֆալկոնի» հիասքանչ պատմուածքը, որը տպագրուեց շարունակաբար մի քանի համարներում:
«Կանչ» թերթի նկատմամբ մեր իշխանաւորների այսօրինակ վարմունքի պատճառը իմ կարծիքով ոչ այնքան պետութեան բիւջետային հնարաւորութիւնների պակասն է, որքան օտարամուտ գլոբալիզացիայի ազդեցութեանը ենթարկուելը:
«Պիոներ կանչ»-ը փառաւոր աւանդոյթներ ունեցող թերթ է, որը խորհրդային տարիներին այնքան էլ դուր չէր գալիս Մոսկուային: Յիշում եմ, շատ տարիներ առաջ Անդրանիկ Զօրավարի ու Հայոց մեծ եղեռնի մասին յօդուածների համար Հայաստանի կոմերիտմիութեան կենտկոմն ու թերթի խմբագրութիւնը Մոսկուայից դիտողութիւն կամ նոյնիսկ նկատողութիւն են ստացել: Յիշում եմՙ Վարդգէս Պետրոսեանը խմբագիր եղած ժամանակ այդ դիտողութիւններն ընդունում էր ինքնավստահ ժպիտով, քանի որ մեր առաջին քարտուղարը Յակով Զարոբեանն էր. մի հայրենասէր պետական գործիչ, որի ուժեղ հովանաւորութիւնը զգում էինք բոլորս:
Այսօր անկախ Հայաստանում մեր իշխանաւորները փաստօրէն անում են այն, ինչ ձգտում էին անել խորհրդային իշխանաւորները, սակայն հանդիպելով մեր մտաւորականների դիմադրութեանը, ետ էին քաշւում:
Յիշում եմ ԽՍՀՄ լուսաւորութեան մինիստրի հրամանը, որ ուղղուած էր Հայաստանի լուսաւորութեան մինիստր Սիմէոն Հախումեանինՙ պահանջով, որ հայկական դպրոցներում ռուսերէնը դառնայ պարտադիր, իսկ մայրենի լեզուն ու գրականութիւնը, նաեւ հայ ժողովրդի պատմութիւնըՙ ֆակուլտատիւ, այսինքն ոչ պարտադիր: Այդ հրամանից ահաբեկուած Ս. Հախումեանը դիմում է մեր կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դեմիրճեանին, որն էլ անմիջապէս այնպիսի խիստ պատասխան է ուղարկում ԽՍՀՄ լուսաւորութեան մինիստրին, որ սա ներողութիւն է խնդրումՙ պատճառաբանելով իր հրամանը ինչ-որ թիւրիմացութեամբ:
Այսօրուայ մեր իշխանաւորները նոյնն են անում մեր սիրելի «Կանչ»-ի նկատմամբ, ինչին ձգտում էին խորհրդային չինովնիկները (օպտիմալացում, դպրոցների ու մանկապարտէզների կտրուկ կրճատումներ կամ խայտառակ վաճառք եւ այլն):
Սիրելի մտաւորականներ, եղբայրներ ու քոյրեր: Եկեք թոյլ չտանք մեր սիրելի «Կանչ» թերթի նկատմամբ մեր իշխանաւորների ոտնձգութիւնները եւ ասենքՙ ձեռքներդ հեռո՛ւ հայ մանուկների սիրելի «Կանչ» թերթից:
ԿԱՐԷՆ ՍՄԲԱՏԵԱՆ, գեղանկարիչ