«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՇԱՐԺԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 17-23-ը Հայաստանում Շարժայի մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ երեկ Ազգային պատկերասրահում: Արաբական Միացյալ 7 Էմիրություններից մեկիՙ Շարժայի մշակույթի ներկայացումը Հայաստանում վատ պայմանավորվածության արդյունք է: Ինչպես տեղեկացանք, 2004 թ. Շարժայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում կողմերի միջեւ ստորագրվել է համաձայնագիրՙ նշված ոլորտում համագործակցության համար: Իսկ ավելի վաղ Շարժա են այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի կարծիքով, նշված համաձայնության համար փաստորեն նախօրոք է հող պատրաստվել: Բացի այդ, նախարարը համոզված է, որ «մշակույթն այն բանալին է, որով հնարավոր է համագործակցություն գտնել էմիրությունների հետ նաեւ մյուս ոլորտներում: Առհասարակ Ծոցի երկրների հետ մեր համագործակցության համար բոլոր հիմքերը կան»:

Շարժայի պատվիրակությունը Նորին գերազանցություն Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր շեյխ դոկտոր սուլթան Բեն Մուհամադ ալ Կասիմի ղեկավարությամբ նույնպես պատիվ համարեց Հայաստանում իրենց մշակույթի միայն մի մասը ներկայացնելու ընձեռված հնարավորությունը: Հայաստանի մշակույթի նախարարը Շարժայի մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկը հայտարարելուց առաջ պատվիրակությանը նվիրեց մի նկար (մեր տեղեկությամբՙ Այվազովսկու գործերի ընդօրինակումներից մեկը): Ելույթներից հետո պատկերասրահում բացվեց Շարժայի էմիրության մշակութային նմուշների ցուցահանդեսը, որտեղ առանձին բաժնով ներկայացված էր էմիրի որդու անձնական հավաքածուն:

Իսկ մինչ պաշտոնական ելույթները, հրապարակում թմբուկներով ելույթներ ունեցավ, կարելի է ասել, փոքր համերգով ներկայացավ Շարժայի ազգագրական անսամբլը: Երեւանում է ոչ միայն Շարժայի ֆոլկլորային անսամբլը, այլեւ մնջախաղի ազգային թատրոնը, որոնք ելույթներ կունենան թե՛ Երեւանում, թե՛ հանրապետության տարբեր քաղաքներում եւ մարզերումՙ Գյումրիում, Արմավիրում, Վանաձորում:

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4