«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Այս տարվա ապրիլին համաձայնագիր ստորագրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության միջեւՙ ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի եւ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի: Համաձայնագիրն առնչվում էր նշված երկու կազմակերպությունների աջակցությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա պարգեւներ շնորհելուն:

Պարգեւների հիմնումը պայմանավորված էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ հայտարարելու հանգամանքով, իսկ ոլորտի զարգացման կարեւորագույն երաշխիքը երիտասարդ որակյալ մասնագետներ ունենալն է եւ նրանց հետագա գործունեությունը խրախուսելը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մշտապես եղել է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի ուշադրության կենտրոնում: Հայաստանը վերջին տարիներին արդեն իսկ մեծ առաջընթաց է արձանագրել ՏՏ-ների ոլորտում. այս փաստը նշել է նաեւ «Սինոփսիս» կորպորացիայի հիմնադիր, խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ա. դը Ջիըսըՙ ծանոթանալով երիտասարդ հայ մասնագետների գործունեությանը: Հեղինակավոր այս կազմակերպությունը հետաքրքրություն է ցուցաբերում մեր երկրում տարեցտարի զարգացող եւ մեծ հեռանկարներ ունեցող ՏՏ-ների ոլորտի նկատմամբՙ լուրջ ներդրումներ կատարելով:

Հանրապետության նախագահի պարգեւների հիմնումն իր հերթին կխթանի այդ գործունեության հետագա առաջընթացըՙ խրախուսելով երիտասարդ մասնագետներին իրենց աշխատանքներում:

Սեպտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա պարգեւատրման անդրանիկ արարողությունը: Կրթական այս պարգեւի շնորհման մրցույթին մասնակցած 87 ուսանողներից եւ 58 աշակերտներից հանձնաժողովն ընտրել է 18 լավագույններին: Մասնակիցների մեծ թիվը (թեպետ մրցույթն առաջին անգամ էր անցկացվում) ինքնին վկայությունն է այն մեծ հետաքրքրության ու աշխուժության, որ մրցույթն առաջացրել է նորընծա մասնագետների շրջանում: Պարգեւները կհանձնվեն հինգ անվանակարգերումՙ «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն ուսանողուհի», «Լավագույն աշակերտ»: Մրցույթն անցկացվում է Երեւանի պետական համալսարանի (կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ֆակուլտետներ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, կիբեռնետիկայի, ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետներ) լավագույն ուսանողների, ինչպես նաեւ ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ-ին կից բազային վարժարանի եւ «Քվանտ» վարժարանի լավագույն աշակերտների համար:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4