«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ ՈՒԺՈՎ Է ԲՈՐԲՈՔՎՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրը զգալիորեն սրեց մրցակցությունը մրցանակային տեղերի համար: Եթե երկրի չեմպիոնի կոչման հարցը գրեթե կասկած չի հարուցում, ապա արծաթե եւ բրոնզե մեդալների համար պայքարը նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին առաջնության 21-րդ տուրում գրանցված արդյունքները:

Առաջնության երկրորդ փուլում հաջող հանդես եկող «Էսթեղլալ-Կոտայքը», «Հրազդանում» հաղթելով «Կիլիկիային» (1-0), շրջանցեց «Միկային» ու «Բանանցին» եւ ամրապնդվեց 2-րդ տեղում: Կոտայքցիներին հաղթանակ պարգեւեց թիմի ռմբարկու Սամվել Պետրոսյանի 71-րդ րոպեին խփած գնդակը:

Բավական համառ ու անզիջում մրցապայքար ծավալվեց Ոսկեհատում, որտեղ «Միկան» հյուրընկալել էր «Դինամո-Զենիթին»: Վերջինիս համար առաջնությունը թերեւս կարելի է ավարտված համարել, ուստի քչերն էին հավատում, որ դինամոյականները համառ դիմադրություն ցույց կտան մրցակցին: Սակայն «Դինամո-Զենիթն» իրեն հիանալի դրսեւորեց: Ապավինելով հակագրոհների տակտիկային, հաջողությամբ դիմագրավելով «Միկայի» գրոհներին, դինամոյականները 2 անգամ հասան հաջողության: Երկու դեպքում էլ «Միկայի» պաշտպանները ստիպված էին արգելված հնարքով կանխել հյուրերի վտանգավոր ճեղքումները, որի համար պատժվեցին 11 մ հարվածներով: Դրանք անվրեպ իրացրեց Գագա Թբիլաշվիլին:

Ունենալով խաղային եւ տարածքային զգալի առավելություն, ստեղծելով բազում վտանգավոր պահեր, «Միկան» ի վերջո խաղադաշտը թողեց պարտված: Միայն մեկ անգամ, այն էլ 11 մ հարվածով Արմեն Շահգելդյանին հաջողվեց խոցել մրցակցի դարպասը: Այդ գոլից քիչ անց Շահգելդյանը ձեռքով խաղալու եւ մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու համար հեռացվեց խաղադաշտից: 2 րոպե անց «Միկան» մնաց 9 հոգով: Այս անգամ էլ սեփական տուգանային հրապարակում խախտում կատարելու համար մրցավարը դաշտից հեռացրեց Վիրաբ Մեյթիխանյանին: Մնալով 9 հոգով, «Միկան» չկարողացավ փրկել խաղը, իսկ ահա դինամոյականները խաղավերջում կարող էին եւս երկու գոլ խփել:

Երկրի չեմպիոն «Փյունիկը» «Բանանցի» հետ հանդիպման արդեն 3-րդ րոպեին Արա Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ: 62-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը 2-րդ գոլը խփեց եւ թվում էր, թե խաղի ելքը վճռված է: Սակայն խաղավարտից 6 րոպե առաջ Արարատ Առաքելյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վերջին րոպեին Արա Խաչատրյանը թիմին փրկեց պարտությունից: Այսպես, ընդամենը 6 րոպեում «Բանանցին» հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1385025-729
2. Էսթ.-Կոտայք1347215-1119
3. Միկա1346317-1318
4. Բանանց1346317-1818
5. Կիլիկիա1324713-2210
6. Դին.-Զենիթ1322910-168

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»13
Արտյոմ Ադամյան«Միկա»8
Աղվան Մկրտչյան«Փյունիկ»8
Սամվել Պետրոսյան«Է.-Կոտայք»8
Տիգրան Դավթյան«Փյունիկ»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4