«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


«ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆԸ» ՍԿՍԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Իտալիայի Սենտ Վիսենտ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարն անցկացվում է 21-րդ, կանանցըՙ 10-րդ անգամ: Մրցակարգի համաձայն, մրցաշարին թույլատրում են հանդես գալ այն երկրների թիմերին, որտեղ անցկացվում են թիմային առաջնություններ: Նման մրցաշարեր Հայաստանում թեեւ չեն անցկացվում, սակայն բացառության կարգով թույլատրվել է մրցաշարին մասնակցել նորաստեղծ «Միկա-Երեւան» կանանց թիմին: Այն հիմնադրվել է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի աջակցությամբ, որ ներկայումս Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Մեր թիմի կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես է գալու ՀՀ վեցակի չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը: Թիմում ընդգրկված են նաեւ գրոսմայստերներ Նինո Խուրցիձեն (Վրաստան), Օլգա Ալեքսանդրովան (Ուկրաինա), Նելլի Աղինյանը եւ պահեստային, միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Մրցաշարն անցկացվելու է 7 տուրից:

Առաջին տուրում «Միկա-Երեւանը» 1,5-2,5 հաշվով զիջեց AVS թիմին: Դանիելյանը, Խուրցիձեն եւ Ալեքսանդրովան իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիՙ համապատասխանաբար Անտոանետա Ստեֆանովայի, Նադեժդա եւ Տատյանա Կոսինցեւաների հետ: Վճռորոշ եղավ Նատալյա Ժուկովայի հաղթանակը Նելլի Աղինյանի նկատմամբ:

Նշենք, որ տարբեր թիմերի կազմերում ընդգրկված են Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Լեւոն Արոնյանը հանդես է գալիս «Տոմսկ-400»-ի կազմում: Գարնանը նա այդ թիմի կազմում դարձել էր ՌԴ չեմպիոն: Առաջին տուրում «Տոմսկ-400»-ը մեծ առավելությամբ (5-1) հաղթեց LSG-ին: Արոնյանն առաջին խաղատախտակի վրա ոչ-ոքի խաղաց Թոմ Միդելբուրգի հետ: Վլադիմիր Հակոբյանն ու Ռաֆայել Վահանյանը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում են եւ հանդիսանում են ՌԴ թիմային առաջնության փոխչեմպիոններ: Մեկնարկում «Ուրալը» 5-1 հաշվով հաղթեց «Ռոհադե» թիմին: Այդ մրցախաղին մասնակցեց միայն Ռաֆայել Վահանյանը, որը 5-րդ խաղատախտակի վրա ոչ-ոքի խաղաց Էնդի Մարեխալի հետ:

Կանանց մրցաշարում էլ Չելյաբինսկի «Յուժնի Ուրալի» կազմում է հանդես գալիս Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը: Նա այդ թիմի կազմում ՌԴ փոխչեմպիոն է: Լիլիթը 3-րդ խաղատախտակի վրա ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Տատյանա Վասիլեւիչի հետ: «Յուժնի Ուրալը» 3-1 հաշվով հաղթեց BAS թիմին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4