Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ «Երեւաննախագիծ» ինստիտուտին պատվիրել են արագընթաց մայրուղու նախագծման աշխատանքները: Հանդիպելով «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն եւ աշխատանքային խմբի ղեկավար Գ. Մուշեղյանի հետ, «Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում այդ մայրուղու մանրամասները: Պրն Մուշեղյանը նշեց, որ համաքաղաքային նշանակություն ունեցող մայրուղին կապում է երեք խոշոր ուղղություններ. Հերացի-Մյասնիկյան խաչմերուկը կապում է Ազատության պողոտայի հետ, վերջինս Ավետիսյան փողոցին ու այնուհետեւ Ամառանոցային փողոցի հետ, ճյուղավորումներից մեկը գնում է Դավիթաշենի կամուրջ (ապահովելով քաղաքի ելքը), իսկ մյուս ուղղությունը դուրս է գալիս դեպի Հր. Քոչարի եւ Բարեկամության փողոցներ, որը նպատակ ունի բեռնաթափել ինչպես Բաղրամյան փողոցը, այնպես էլ ապահովել սեյսմիկ անվտանգությունըՙ զուգահեռ փոխարինող փողոց բացելով: Այս մեծ մայրուղին նախատեսված է քաղաքի նոր գլխավոր հատակագծով եւ մեր հանրապետությունում կլինի ամենախոշոր կառույցներից մեկը, որն էլ կկարգավորի տրանսպորտային հոսքերըՙ քաղաքի կենտրոնական մասը հնարավորինս զերծ պահելով տարանցիկ երթեւեկությունից:
Մայրուղին կառուցելով, 30 րոպեի փոխարեն քաղաքի նշված հատվածը կարելի է անցնել 7-10 րոպեումՙ առանց լուսացույցի, բարձր արագությամբ: Քաղաքի կենտրոնը շրջանցող օղակաձեւ ճանապարհի մի հատվածն է արագընթաց այս մայրուղին, որը սկիզբ է առնելու Մխիթար Հերացու փողոցի կամրջիցՙ բեռնաթափելով Աբովյան պուրակը: Պրն Մուշեղյանը նշեց, որ հետագայում, ըստ գլխավոր հատակագծի, նախատեսվում է երկաթգծի ճանապարհը Տիգրան Մեծի պողոտայով անցնող կամրջով դարձնել նոր ավտոճանապարհ եւ Սարի թաղով, հեռուստաաշտարակի ներքեւի հատվածով այն կմիանա այս արագընթաց մայրուղուն: Իսկ թե ի՞նչ է նախատեսվում Այգեստան փողոցով անցնող գնացքի գծի փոխարեն, պրն Մուշեղյանը գծագրերի վրա ցույց տվեց, որ այդ հատվածն էլ է միանում Հերացու փողոցից սկիզբ առնող մայրուղուն, եւ այն տները, որոնք քիչ թե շատ կխանգարեն ճանապարհաշինությանը, կքանդվեն: Այս ուղղությանը կանդրադառնան մայրուղու ավարտից հետո, չնայած որոշ հատվածներում շինարարությունը սկսված է: Նախագիծն ամբողջությամբ կավարտվի այս տարի, իսկ շինարարությունը կտեւի 2-3 տարի, մոտավոր հաշվարկով կծախսվի 10 մլն դոլարին համարժեք դրամ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ