ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է Անկախության հռչակագիր` սկիզբը դնելով Հայաստանի անկախ պետականության գործընթացին: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատՙ Հայաստան: 1991 թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդը որոշում է չմասնակցել հոգեվարքի մեջ գտնվող խորհրդային երկրի` ԽՍՀՄ-ը պահպանելու միութենական հանրաքվեին: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ բոյկոտում է հանրաքվեն: Փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն հայտարարում է, որ սեպտեմբերին անցկացնելու է իր` Հայաստանի անկախության հանրաքվեն:
Այսօր Հայաստանում պաշտոնապես նշվում է Անկախության տոնը: 14 տարի առաջ այս օրը հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը «այո» ասաց անկախ, ազատ երկրում ապրելու դարավոր երազանքին: 14 տարին շռայլ ժամանակ էր մեր հանրապետության բնակչության համար, որպեսզի խորապես հիասթափվեին մեր առաջին, ապա երկրորդ նախագահից, իշխանություններից ընդհանրապես: Ավելի քան մեկ միլիոն հայեր հեռացան հանրապետությունից, փախան անկախությունից: Սա՞ էր մեր ուզած անկախությունը:
Հայաստանում ինչ կարգի հանրային հարցումներ ասես չեն անցկացնում: Օրինակ, հանրապետության բնակիչներին այսպիսի հարց են տալիս. «Եթե նախագահական ընտրությունները տեղի ունենան այս կիրակի, ներքոշարադրյալ թեկնածուներից ո՞ւմ կտաք ձեր քվեն. Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան եւ այլն»:
Կամ` «Հայաստանը պե՞տք է շարունակի ռազմավարական գործընկերությունը խորացնել Ռուսաստանի հետ»: Մի խոսքով` ախմախ հարցեր:
Սոցիոլոգները մեր ազատ եւ անկախ երկրի բնակիչներին չեն հարցնում. «Եթե Խորհրդային Միությունը վերականգնելու հնարավորություն լիներ, «այո» կքվեարկեի՞ք»: «Եթե այո, ապա ինչո՞ւ. Ստալինի ժամանակ լավ էր, Բրեժնեւի ժամանակ ավելի լավ էր, Հայաստանի իշխանություններին չեմ սիրում, այլ պատասխան»: Կամ` «Սեպտեմբերի 21-ն ի՞նչ օր է Հայաստանում»: Ճիշտ է, բնակչության մի մասը գիտի, որ այդ օրը, այսինքն` այս օրը, օրացույցի վրա կարմիր է (չշփոթել ապրիլի 12-13-ի կամ սեպտեմբերի 26-ի կարմիրի հետ), ոչ աշխատանքային:
«... Ապիկար մարդկանց մի ստվար խումբ ստորաբար խաբեց ժողովրդին, այնպես վարպետորեն նրա մեջքը ծռեց, որ կարոտախտ ծնվեց, պատկերացնո՞ւմ եք, ոչ անկախ Հայաստանի համար: Չէ՛, չէ՛, պատկերացնո՞ւմ եք, անկախ երկրում ապրես եւ կարոտես քո ոչ անկախ տարիները», ընդամենը չորս օր առաջ գրել էր Պերճ Զեյթունցյանը: Սա հրապարակախոսի պատասխանն է սոցիոլոգիական չանցկացված հարցումներին:
14 տարի, 24 կամ 44 տարի հետո էլ Հայաստանում Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք, կնշվի հենց պաշտոնապես, քանի դեռ կեղծվում են նախագահական, խորհրդարանական, տեղական ընտրությունները, երկրում իշխում է ոչ թե օրենքը, այլ իշխանական կամայականությունը, ամեն քայլափոխի ոտնահարվում են անկախության տերերի` շարքային քաղաքացիների իրավունքները, իշխանամետ սափրագլուխներից ապահովված չենք, տնտեսության մեջ մրցակցության փոխարեն կլանն է: Քանի դեռ այս երկրում կա արդարության, վաղվա օրվա նկատմամբ հավատի անսահման պակաս, Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք, ուրեմն` դեռեւս մեզ համար չէ: