«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2005-09-17 | #168, 2005-09-20 | #169, 2005-09-21


«ԱՄԵՆ ՋԱՆՔ ԿԳՈՐԾԱԴՐԵՆՔ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ», ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՎ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Ինչպես արդեն հաղորդել ենք «Ազգի» սեպտեմբերի 13-ի համարում, սեպտեմբերի 11-ին իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերացման», պատանդ էր վերցրել լիբանանահայ գործարար Կարապետ Ջիգերջյանին (ի դեպ, լրատվամիջոցներում սխալմամբ Շեքերջյան կամ Չեքերջյան էին գրել ազգանունը) եւ պահանջել 2 միլիոն դոլար ազատ արձակելու համար: Նիկոսիայից (Կիպրոս) մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը երեկվա հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ պատանդի մորաքույր Ռիտա Մեծատուրյանը տեղական հեռուստատեսությամբ լացակումած ու խզված ձայնով ելույթ ունենալով աղերսել է քրոջ որդու ազատ արձակումը: «Մենք աղքատ ընտանիք ենք, ու հազիվ ենք մեր ապրուստը վաստակում: Մենք այդքան փող չունենք, ինչքան պահանջում են: Կարապետը ոչ մեկին վնաս չի հասցրել կյանքում», ասել է նաՙ դիմելով Կիպրոսի եւ Լիբանանի կառավարություններին եւ խնդրելով նրանց հնարավոր ամեն ինչ անել Կարոյին ողջ ու առողջ տուն վերադարձնելու համար:

Ռիտայի ելույթը հեռասփռվել է այն բանից հետո, երբ Կիպրոսի արտգործնախարարը պաշտոնապես հաստատել է Ջիգերջյանի առեւանգումը: Վերջինս 40 տարեկան է եւ որպես վաճառող աշխատում է լիբանանյան Jetco Trading սննդամթերքի եւ խմիչքների վաճառքի ընկերությունում, որը գործունեություն է ծավալում նաեւ Կիպրոսում եւ Իրաքում: Ըստ անցյալ շաբաթ օրը հեռուստատեսությամբ ցուցադրված լրատվության, ձեռքերն ու ոտքերը կապված պատանդը, որի գլխի մոտ զինյալներից մեկը ինքնաձիգ է պահել, արաբերեն ելույթ ունենալիս նշել է, որ ինքը լիբանանյան եւ կիպրական քաղաքացիություն ունի, քանի որ հայրը լիբանանցի է, իսկ մայրըՙ կիպրացի: «Իմ աշխատած ընկերությանը խնդրում եմ հեռանալ Իրաքից, իսկ Լիբանանի դեսպանությանըՙ այստեղ ճնշում բանեցնել այդ ընկերության վրա, որպեսզի հարաբերությունները խզի Իրաքը նվաճած ուժերի հետ, որոնք ահաբեկում են իրաքցիներին», ասել է նա:

Ռիտայի ելույթից պարզվել է, որ նույնիսկ Իրաքից ընկերության դուրս գալուց հետո Կարոյին բաց չեն թողել: Նրանք իրենց դրամական պահանջը նվազեցրել են 20 հազար դոլարի, որն ստանալուց հետո դարձյալ 2 միլիոն են պահանջել եւ վերջում համաձայնել 500 հազարի իջեցնել գումարը, պայմանով, որ 4 օրում վճարվի: «Ընկերության ղեկավարը քրոջս սնարի մոտ խոստացել է մշտապես հոգալ նրա երեխաների կարիքները: Քույրս այդ ընկերության գործադիր քարտուղարն էր եւ սյուներից մեկը», ասել է նա:

Նիկոսիայում արտգործնախարարը նշել է, որ Կիպրոսի կառավարությունը սերտ կապերի մեջ է Լիբանանի եւ Հունաստանի կառավարությունների, ինչպես նաեւ Եվրոմիության եւ արաբական երկրների հետ: «Մենք մեծ ջանքեր կգործադրենք նրա ազատ արձակման համար: Լիբանանյան կառավարությունը Բաղդադում իր դեսպանատան միջոցով հետեւում է գործի զարգացումներին», նշել է նա:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4