«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2005-09-17 | #168, 2005-09-20 | #169, 2005-09-21


ՀԵԸ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՐԱԽՄԲԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լիբանանի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցությունը 1931 թ. հիմնադրվել է եւ իր 6 մասնաճյուղերում ընդգրկում է մշակութային, սպորտային, սկաուտական խմբեր եւ վարում է ընդհանուր երիտասարդական գործունեություն: Խմբագրություն էին այցելել ՀԵԸ-ի «Ե. Դեմիրճյան» կենտրոնի պարախմբի 9 աղջիկները: «60 հոգուց բաղկացած պարախումբը ՀԲԸՄ երիտասարդացի մեջ իր գործունեությունը սկսել է 30-ական թթ.-իցՙ մինչ այսօր շարունակվող իր երգչախմբով, նվագախմբով, թատրոնով, պատմում է ՀԵԸ-ի վարիչ-տնօրեն Գեւորգ Սանթուրյանը: Երգչախմբի հիմնադիրը եղել է Համբարձում Բերբերյանը: Թատրոնը հիմնադրվել է 1957 թ. եւ կրում է Վահրամ Փափազյանի անունը: Ի դեպ, հայաստանյան հանդիսատեսն անցած տարի հնարավորություն ունեցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում դիտելու նրանց խաղը: Մշակութային ծրագրերում ընդգրկվում են նաեւ այլ ձեռնարկներՙ հանդիպումներ, դասախոսություններ, քննարկումներ: Այդ բոլորից զատ, Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային կենտրոնը կազմակերպում է նաեւ հյուրախաղեր, որի շրջանակներում արդեն իսկ Լիբանանում հյուրընկալվել են Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբը, Արա Գեւորգյանի նվագախումբը, Ջիվան Գասպարյանը եւ պարային խմբեր:

«Այնպես որ, հայրենիքի հետ մեր հարաբերությունը խոսքի սահմաններից դուրս է, ավելի գործնական քայլերի մեջ ենք երկար տարիներ ի վերՙ խորհրդային շրջանեն, ինչն անկախությունեն վերջ ավելի սերտացած է», պատմում էր պրն Սանթուրյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կենտրոն հաճախող երիտասարդներին աշխատում են էլ ավելի հայեցի դաստիարակել, հայկական արժեքներին ու մշակույթին հաղորդակից դարձնել, որով էլ հպարտանում են: Հենց հայ երգով, հայ պարով ու հայ մշակույթով, հայ թատրոնով, հայկական դպրոցի, հայկական եկեղեցու դաստիարակության կողքին միությունը երրորդություն է կազմում ու ջանում է սփյուռքում նոր սերնդին մի քիչ հայ պահել: Դա շատ դժվարին խնդիր է, եւ այստեղ մեծ է հայրենի պետականության դերը: Այդ գործին շատ են օգնում համահայկական բնույթի միջոցառումները, փոխադարձ այցելությունները եւ ամրացնում են սերը հայրենիքի ու լեզվի նկատմամբ:

Մեկ շաբաթվա ճանաչողական բնույթի այցը Հայաստան պարախմբի 9 անդամները նախապես էին ծրագրել: Մայր հայրենիքում նրանք այցելեցին պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ, հանդիպեցին Գյումրու «Գոհար» երգչախմբի հետ, դիտեցին նրանց ելույթը: Երկու օր նրանք շփվեցին Նորքի հայորդաց տան սաների հետ, դիտեցին նրանց ելույթները, միասին այցելեցին Սարդարապատ ու Էջմիածին, պարեցին ու հրաժեշտի պահին հասցեներ փոխանակեցին:

Զրուցեցի պարախմբի աղջիկների հետ, եւ յուրաքանչյուրը տարբեր զգացումներով ու տպավորություններով էր վերադառնում Հայաստանից: Կառլան հավանել էր հայկական բնաշխարհը, Ալինըՙ լման Հայաստանը, Արինՙ խաչքարերը, Արարատ լեռը, ձեռքի աշխատանքները, Սեսիլին գրավել էր մեր տուֆակերտ շենքերն ու ճարտարապետությունը: Արազը նշեց. «Այն ամենը, ինչ տեսանք նոր Հայաստանում, իմացածի ու նկարներով տեսածի հետ չես կրնար համեմատել, ուստի ամեն սփյուռքահայ անպայման պիտի գոնե մեկ անգամ իր աչքով տեսնի մայր հայրենիքը»: «Այն, ինչ տեսել ենք, երբեք չպիտի մոռանանք», ասում էր Սյուզին:

Թալինը տպավորված էր հայկական հուշարձաններով, որոնք անջնջելի տպավորություններ են թողել: Անիտան ուրախ էր, որ շատ նոր ընկերներ ձեռք բերեց եւ որ իր հասակակիցների միջեւ որեւէ տարբերություն չկա, ու իրենք առաջին խոսքից մտերմացան: Նա ոգեւորված էր, որ իր երազանքն իրականացավ ու չէր հավատում, կարծում էր երազի մեջ է: Դիանան արդեն 3-րդ անգամ է Հայաստանում եւ 2 տարվա մեջ շատ փոփոխություններ է տեսել եւ ուրախ է: Մեր զրույցի վերջում աղջիկները ոգեւորված նշեցին, որ որոշել են անպայման գալ ու հաստատվել Հայաստանում, քանի որ այն ջերմությունը, որ ստացան, հարազատացրեց իրենց ու այն պիտի փոխանցեն մյուսներին:

Պրն Սանթուրյանից տեղեկացանք, որ եկող տարի ՀԲԸՄ միության 100-ամյակն է տոնվելու հուլիսի վերջին, եւ այդ առիթով Բեյրութում տեղի է ունենալու երիտասարդների փառատոն, որին կմասնակցեն Բարեգործականի սփյուռքի բոլոր գաղթօջախների երիտասարդաց խմբերը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4