«Հայֆեստի» կազմակերպիչները դժգոհ են մշակույթի նախարարությունից
Սեպտեմբերի 28-ին Երեւանում կմեկնարկի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը: Մինչ հոկտեմբերի 6-ը Երեւանի, Վանաձորի, Գյումրու եւ Արտաշատի 14 թատերաբեմերում 28 երկրների 40 թատերախմբեր հանդես կգան բազմաժանր ներկայացումներով: Կլինի մնջախաղ, դրամա, տիկնիկային եւ խամաճիկների թատրոն, ժամանակակից պարային թատրոն, հոգեբանական մոնոդրամա եւ այլն: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասացին փառատոնի կազմակերպիչներըՙ Հայ դերասանների միությունը եւ «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնը:
Փառատոնին հանդես կգա շուրջ 250 մասնակից Անգլիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Մեքսիկայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Իսրայելից, Սինգապուրից եւ այլ երկրներից: Կլինեն նաեւ 15 բարձրաստիճան հյուրերՙ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ: «2004-ին «Հայֆեստը» ճանաչվեց կովկասյան տարածաշրջանի գլխավոր թատերական միջազգային փառատոն, ասաց Հայ դերասանների միության ղեկավար եւ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, դա նախապես մեծ վստահության դրսեւորում է մեր հանդեպ: Այս տարի փառատոնին ներկա կլինեն ավստրիական պրոդյուսեր Քրիստիան Պրոնաուն, որը 2006-ին կայանալիք Մոցարտի հոբելյանականՙ 700 մլն եվրո արժողությամբ միջոցառումների գլխավոր պրոդյուսերն է, Չինաստանի պետական թատերական ինստիտուտի ռեկտորը, «Ավինիոնի» միջազգային փառատոնի նախագահ Բեռնար Գարսիեն եւ այլք»:
Կազմակերպիչներն ասում են, որ ավելի հեշտ է փառատոնին ընդգրկել Արեւմտյան Եվրոպայի թատրոնների, քան, ասենք, սերբական մի թատերախմբի, քանի որ Եվրոպայում բազմաթիվ են իրենց թատրոններին աջակցող կրթական եւ մշակութային հիմնադրամները:
«Մշակույթի նախարարությունը, մեղմ ասած, մեզ չի օգնում: Անցյալ տարի խոստացել էին փառատոնին 1 մլն դրամ հատկացնել, սակայն չհատկացրին: Այս տարի եւս խոստացել են, կարող են տալ, կարող ենՙ ոչ: Ո՞ւմ դիմենք: Նախարարի հետ շատ դժվար է հանդիպել, որովհետեւ ինքը երեւի չի ուզում, իսկ փոխնախարարները մեզ ժպտում են, բայց արդյունքում ոչ մի աջակցություն չի լինում», ասաց Արթուր Ղուկասյանը:
Փառատոնի գլխավոր պրոդյուսեր, «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Լեւոն Աբրահամյանը նշեց, որ փառատոնի բյուջեի 40 տոկոսը տրամադրել են ՀՀ նախագահը եւ պաշտպանության նախարարությունը: Շատ դեպքերում արտասահմանից ժամանող թատերախմբերի ծախսերի մի մասը հոգացել են այդ երկրների պետական կառույցները: «Դահլիճները նույնիսկ վարձով ենք վերցնում, չնայած մշակույթի նախարարությունը կարող է գոնե այս հարցը լուծել, ասաց Լեւոն Աբրահամյանը: Այս տարի մտածում էինքՙ ո՞ւմ է անհրաժեշտ այս փառատոնը: Եթե մյուս տարի նախագահի կամ վարչապետի աջակցությունը չունենանք, հաստատ փառատոն չի լինի»:
Այս տարի փառատոնի շրջանակներում կանցկացվի «Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիայի կատարողական արվեստների ցանցի ստեղծում» գիտաժողովը, փառատոնի մասնակից ժամանակակից թատրոնների գեղարվեստական ղեկավարները եւ դերասանները հայ ուսանողների հետ կանցկացնեն 30 վարպետության դասեր ու 10-ից ավելի սեմինարներ, ինչը պրոֆեսիոնալ կապերի եւ համագործակցության հնարավորություն կստեղծի:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ