Սեպտեմբերի 22-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթության արդի իրավիճակը Հայաստանում եւ եկեղեցու դերը կրթական համակարգում» թեմայով: Վերջին երկու տարում սա երկրորդն է` կազմակերպված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Այս տարի քննարկման կազմակերպմանը մասնակցել է նաեւ Կաթոլիկ օգնության ծառայությունը:
Աղոթքից հետո քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց Կլոր սեղանի հիմնադրամի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, ով արծարծեց կրթական ոլորտում առկա խնդիրները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց Կլոր սեղանի «Քննարկումներ ազգային կրթական քաղաքականության վերաբերյալ» ծրագիրը, որը սկսվել է իրագործվել 2004 թ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է հանրությանն իրազեկել ազգային կրթական քաղաքականության ձեւավորման գործընթացի մի մասին: Մասնավորաբար ծրագիրը հետամուտ է հատուկ կարիքավոր երեխաների եւ պրոֆտեխնիկական կրթության խնդիրների ուսումնասիրմանը եւ լուծմանը: Անդրադարձ եղավ նաեւ տեխնիկական կրթության ոլորտին, որն այսօր անմխիթար վիճակում է:
Կարեւորվեց եկեղեցու դերը հիշյալ երկու ոլորտների կրթության կազմակերպման հարցում:
Ս. Մ.