Սերբիայի Հերցեգ Նովի քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որ անցկացվում է տարիքային հինգ խմբով: Պատանիների մրցավեճում մեր շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Զավեն Անդրեասյանը: Նա 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ հոլանդացի Վոյթեր Սփիլմանի հետ բաժանում է 2-3.-րդ տեղերը: Զավենը 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Լեւինի հետ, հաջորդ պարտիան շահեց Լինչեւսկուց: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Զավեն Անդրեասյանը հիանալի հնարավորություն է պահպանում դառնալու մրցանակակիր: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում իր հայրենակից, ռուսաստանցի Պողոս Նահապետյանից: Վերջինս հիանալի է հանդես գալիս: Այնպես որ, բացառված չէ երկու հայ շախմատիստների վերջնական հաջողությունը:
Մրցանակային տեղի են հավակնում նաեւ մինչեւ 12 տարեկան շախմատիստների մրցաշարի մասնակիցներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Թամազյանը, որոնք 7 հնարավորից նույնպես ունեն 5,5-ական միավոր: Նրանք ներկայումս բաժանում են 4-7-րդ տեղերը: Իսկ աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Սանան Սյուգիրովը:
2-3-րդ տեղերում են ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչն ու Գիլ Պոպիլսկին, որ ներկայացնում է Իսրայելը: Վատ հանդես չեն գալիս նաեւ տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստներըՙ Հայկ Վարդանյանը (5 միավոր) եւ Ռոբերտ Աղասարյանը (4 ,5):
Մինչեւ 18 տարեկանների մրցավեճում մեդալների հավակնորդ է Արման Փաշիկյանը: Նա վերջին երկու տուրում իր օգտին 1,5 միավոր գրանցեց եւ այժմ 5 միավորով 5-7-րդ տեղերն է բաժանում Պավել Ցարնոտայի եւ Յան Նեպոմնյաչնու հետ: Տարիքային այս խմբի առաջատարն Իսրայելը ներկայացնող Մաքսիմ Ռոդշտայնն է (6 միավոր):
Մինչեւ 14 տարեկանների մրցավեճում Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով բաժանում է 15-20-րդ տեղերը: Առաջատարը Մաքսիմ Մատլակովն է (6 միավոր):
Ամենակրտսեր տարիքային խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովհաննես Գաբուզյանն ու Ռաֆայել Գաբրիելյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Առաջատարն ուկրաինացի Իլյա Նուզնուկն է (6,5 միավոր):
Ի տարբերություն պատանիների, հայ շախմատիստուհիների արդյունքները համեստ են, եւ նրանք մեդալների չեն հավակնում: Առավելագույն միավորներ (4-ական) են վաստակել Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Խալիկյանը (մինչեւ 10 տ.), Դիանա Մնացականյանը (մինչեւ 14 տ.), Նունե Դարբինյանն ու Աննա Հայրապետյանը (մինչեւ 16 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ