«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2005-09-20 | #169, 2005-09-21 | #170, 2005-09-23


«ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆԸ» ՇՏԿՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

Լեւոն Արոնյանը «Տոմսկ-400»-ի առաջատարն է

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 3-րդ եւ 4-րդ տուրերի հանդիպումները: Նախորդ երկու տուրերում անհաջողության մատնված եւ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Միկա-Երեւանը» 3-րդ տուրում ազատ էր, քանի որ մասնակիցների թիվը կենտ է: Մրցակարգի համաձայն, մեր թիմին հաղթանակ գրանցվեց 2-0 հաշվով: Փաստորեն առանց խաղի մեր շախմատիստուհիներն իրենց օգտին առաջին հաղթանակը գրանցեցին: Իսկ ահա հաջորդ տուրում նրանք արդեն քրտինքով վաստակեցին հերթական 2 միավորըՙ պարտության մատնելով «Ստուկենջագերսին» (3,5-0,5): Առաջին երեք խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն ու Օլգա Ալեքսանդրովան հաղթանակներ տարան, իսկ Նելլի Աղինյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Երկու հաղթանակների շնորհիվ «Միկա-Երեւանը» որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակըՙ 4 միավորով տեղափոխվելով 7-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են AVS-ը եւ NTN-ը:

«Յուժնի Ուրալը», որի կազմում խաղում է Լիլիթ Մկրտչյանը, 5 միավորով 4-րդ տեղում է: 3-րդ տուրում «Յուժնի Ուրալը» ոչ-ոքի ավարտեց պարտիան «Ինտերնետ Պոդգորիցայի» հետ: 3-րդ խաղատախտակի վրա Լիլիթը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Պեպտանի հետ:

4-րդ տուրում «Յուժնի Ուրալը» 3-1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Ֆինեկին»: Մկրտչյանը հաղթեց Տատյանա Շադրինային:

Տղամարդկանց մրցաշարում առայժմ առանց միավոր կորցնելու են խաղում «Տոմսկ-400»-ը եւ Կազանի «Լադյան», որոնք տոնել են 4-ական հաղթանակ: Միավորների ընդհանուր քանակով (19) առաջին տեղում «Տոմսկ-400»-ն է: Վստահ է խաղում այդ թիմում Լեւոն Արոնյանը, որը հանդես է գալիս առաջին խաղատախտակի վրա: 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Միխայիլ Գուրեւիչի հետ, իսկ չորրորդում միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: «Տոմսկ-400»-ը հաջորդաբար պարտության մատնեց KSK եւ NAO Chess Club թիմերին: Վերջինս համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը եւ շատ ուժեղ կազմ ունի: Այդ թիմում հանդես են գալիս Վլադիմիր Կրամնիկը, Էթիեն Բաքրոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Ժոյել Լոթյեն, Ֆրանսիսկո Վալյեխոն, Սերգեյ Կարյակինը:

Հաջող են հանդես գալիս նաեւ մեր մյուս երկու փորձառու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Ռաֆայել Վահանյանը: Նրանք «Ուրալի» կազմում մասնակցեցին «Զելեզնիչար» եւ «Թբիլիսի» թիմերի հետ մրցախաղերին: Հակոբյանը հաղթեց Բոգդան Կուրաիցային, ոչ-ոքի ավարտեց պարտիան Զվիադ Իզորիայի հետ: Ռաֆայել Վահանյանը հաղթեց Սաբազ Նուրկիսին, սակայն հաջորդ տուրում պարտվեց Լեւան Պանցուլայային:

«Ուրալը» 4 տուրից հետո վաստակել է 7 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4