«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2005-09-20 | #169, 2005-09-21 | #170, 2005-09-23


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Հայաստանի անկախության տարեդարձին էր նվիրված Հովիկ Հայրապետյանի անվան Երեւանի ձիասպորտի կենտրոնում անցկացված միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի ուժեղագույն նժույգավարները: 19 մասնակիցները մրցումների առաջին օրը վիճարկեցին «Բացման մրցանակը»: Միայն 3 հեծյալի հաջողվեց թույլատրելի ժամանակում անսխալ հաղթահարել բոլոր 12 արգելքները եւ մտնել հաջորդ փուլ: Եզրափակիչում բոլորից հաջող հանդես եկավ վրաց մարզիկ Ցոմբե Լաբաշիան: Նա մրցատարածությունն անցավ 38 վրկ-ումՙ հաղթահարելով բոլոր արգելքները: 2-րդ տեղը գրավեց ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչ Արայիկ Գեւորգյանը «Ֆավորիտ» նժույգով: Ավելի արագՙ 36 վրկ-ում վերջնագիծ հասավ «Մուլտի գրուպ» ակումբի ներկայացուցիչ Գեւորգ Հովհաննիսյանն իր «Աստրա» նժույգով, սակայն վերջին արգելքը հաղթահարելիս նա տուգանային 4 միավոր ստացավ եւ ստիպված էր բավարարվել մրցանակային 3-րդ տեղով:

Հաջորդ օրը վիճարկվեց «Եվրոմոտորսի» մեծ մրցանակը: Այդ ընկերությունը դրամական մրցանակներ էր սահմանել լավագույն երեք հեծյալների համար: Այս անգամ էլ միայն 3 մարզիկի հաջողվեց առանց տուգանային միավորների եւ թույլատրելի ժամանակում հաղթահարել բոլոր արգելքները: Նախորդ օրվա հաղթող Ցոմբե Լաբաշիան առաջինը մրցասպարեզ դուրս եկավՙ մրցատարածությունը հաղթահարելով 52 վրկ-ում: Սակայն նրա ցուցանիշը գերազանցեց Գեւորգ Հովհաննիսյանը, որը մեկնարկից 49 վրկ անց հատեց վերջնագիծըՙ նվաճելով գլխավոր մրցանակը: Նա որպես պարգեւ ստացավ 2500 դոլարին համարժեք դրամ: Լաբաշիան երկրորդն էր, վրաց մեկ այլ մարզիկՙ Զազա Չիտրիկաշվիլինՙ 3-րդը: Նրանց համապատասխանաբար հանձնվեց 1500 եւ 1000 դոլարին համարժեք դրամ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4