«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏԱԼ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԵԽ ԽՎ-ԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԽ ԽՎ ԼՂ հարցով հատուկ կոմիտեն կարող են համագործակցել, հայտարարել է ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը: Ըստ «Մեդիամաքսի», Մերզլյակովը նման կարծիք է հայտնելՙ մեկնաբանելով սեպտեմբերի 12-ին Փարիզում ԵԽ ԽՎ հատուկ կոմիտեի շրջանակներում կայացած ԼՂ վերաբերյալ լսումները:

Մինսկի խումբը զբաղվում է միջնորդությամբ, ներկայացնում առաջարկություններ, իսկ ԵԽ ԽՎ-ն կարող է ներդրում ունենալ երկու երկրներում հասարակական կարծիքի ձեւավորման գործումՙ կարգավորմանը հասնելու անհրաժեշտ փոխզիջումը գտնելու համար: ԵԽ ԽՎ-ն կարող է նաեւ ակտիվ լինել ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցերում, որոնցից կարեւորագույնը ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունն է, ասել է ռուս դիվանագետը:

Մերզլյակովի կարծիքով, ԵԽ-ն եւ նրա խորհրդարանական վեհաժողովը կարող են իրենց վրա վերցնել հակամարտության գոտու զինադադարի ռիժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի վերահսկողությունը եւ ազդել կողմերի վրա, որ նրանք հետեւեն ստանձնած պարտավորություններին: «Երկու կողմերից երբեմն հնչող հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ռազմատենչ հայտարարությունները եւ կոչերը, իհարկե, չեն նպաստում կարգավորման գործին: Մենք պատրաստ ենք կիսել լիազորությունների մի մասը ԵԽ ԽՎ-ի հետ, որպեսզի նման հայտարարություններ չլինեն», ասել է նա:

Միջնորդներին, ըստ Մերզլյակովի, «մտահոգում է նաեւ երկու երկրների ռազմական բյուջեների վերջերս արձանագրած աճը, որը որեւէ փուլում կարող է ազդել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորության կատարման վրա»: «Բնականաբար, ազգային բյուջեի չափերը որոշելը ամեն մի կառավարության առանձնաշնորհն է, սակայն եթե թողնենք այդ հարցն առանց ԵԽ վերահսկողության, ծախսերը կարող են հասնել այնպիսի կրիտիկական չափի, երբ խոսքը կգնա կողմերիՙ հակամարտության ռազմական լուծմանը նախապատրաստվելու ակնհայտ մտադրության մասին», ասել է Մերզլյակովը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը հետեւողականորեն ավելացնում է ռազմական ծախսերը: Պաշտոնական Բաքուն Իլհամ Ալիեւի շուրթերով հայտարարում է, որ մեկ-երկու տարի հետո Ադրբեջանի ռազմական բյուջեն կհավասարվի Հայաստանի ընդհանուր բյուջեին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4