«Արցախի վերածնունդի» առաջին փուլի համար անհրաժեշտ է 10,5 մլն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2005»-ով սկսում է «Արցախի վերածնունդ» խոշորածավալ երեք փուլանոց ծրագիրը: Հիմնադրամի` նոյեմբերի վերջին կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվելիք գումարն ուղղվելու է Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը: Սա երեք փուլերից առաջինն է, որի իրականացումից հետո «Արցախի վերածնունդով» կվերականգնվեն Հադրութի եւ Մարտունու շրջանները: Արդեն մշակվել է «ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնման եւ զարգացման ծրագիրը» մոտ 10,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Մարտակերտի շրջանն ամենաշատն է տուժել 1991-94 թթ. ռազմական գործողություններից: Շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ մի քանի անգամ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակՙ ամբողջությամբ ավերվել եւ թալանվել: Այսօր էլ շրջանի մի հատվածը մոտ 200 քառ. կմ տարածքով եւ 5 գյուղերով շարունակում է մնալ հակառակորդի զինված ուժերի վերահսկողության տակ: Մարտակերտի շրջանում, ինչպես մեզ տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից, խոշորածավալ այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա վերականգնելու բնակելի տները, առողջապահական հաստատությունները, կրթօջախները, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը:
«ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնման եւ զարգացման ծրագրում» առանձնացվել են հետեւյալ ուղղություններըՙ գյուղատնտեսություն եւ գյուղմթերքի վերամշակում, ենթակառուցվածքներ (միջհամայնքային ճանապարհներ, ոռոգման եւ խմելու ջրերի ցանցեր), սոցիալական ոլորտ, ազգաբնակչության աճի ապահովում, կադրերի որակավորման բարձրացում եւ պատրաստում:
Նկատենք, որ 1988 թ. համեմատ բնակչության թիվը Մարտակերտի շրջանում կրճատվել է մոտ 2,5 անգամ: Սրա հիմնական պատճառը այն է, որ տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված եղան տեղափոխվել այլ վայրեր, հիմնականում Ռուսաստան, երբ նրանց տները թշնամու ձեռքում էր: Մարտակերտի շրջանն ազատագրելուց հետո նրանց մեծամասնությունը չվերադարձավ հայրենիք: Այս ծրագրով 2 մլն ԱՄՆ դոլար է հատկացվելու ազգաբնակչության աճի ապահովմանը: Նախատեսվում է մի քանի տարում Մարտակերտում բնակչության թիվն ավելացնել մոտ 3000-ովՙ երիտասարդ ընտանիքների կազմավորման եւ ծնելիության աճի խրախուսում, շրջանից մեկնածների վերադարձի խրախուսում, ինչպես նաեւ Հայաստանի որոշ շրջաններից նպատակաուղղված վերաբնակեցում:
«Արցախի վերածնունդ» ծրագրով սկսվում է համայն հայության օժանդակությամբ իրականացվող երկրորդ խոշորածավալ միջոցառումը: Անցյալ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց ավելի քան 11 մլն, եւ դրանով փաստորեն ավարտվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությանն անհրաժեշտ գումարը: ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնման եւ զարգացման ու «Հեռուստամարաթոն-2005»-ի մասին «Ազգը» զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի հետ, որը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ