Ավարտվեց ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ու Հայկական բժշկական ասոցիացիայի կազմակերպած «Երիտասարդ բժիշկների 3-րդ միջազգային գիտաժողովը»: Գիտաժողովին մասնակցեցին 400 երիտասարդ բժիշկներ եւ միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ 30 երկրներից: Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 500 նյութ 12 տարբեր բնագավառներից, որոնցից 100-ը մերժվել է ցածր որակի պատճառով (հիմնականում արտերկրներից ուղարկված): Ինչպես տեղեկացրեց ՀԲԱ հասարակության հետ կապերի հանձնախմբի նախագահ Վահե Տեր-Մինասյանը, բոլոր աշխատանքները գրախոսել են հեղինակավոր գիտնականները:
Եռօրյա գիտաժողովում ներկայացված բոլոր զեկույցները ներառել են բժշկության բոլոր բնագավառները: Հրավիրված հայտնի գիտնականները տարբեր երկրներից ուշի-ուշով հետեւել են երիտասարդ բժիշկների զեկույցներինՙ տալով գնահատականներ: Լավագույն զեկույց ներկայացնողներին շնորհվել են պատվոգրեր: Նախատեսված 5 խոշոր մրցանակներից 4-ը ճանապարհորդային դրամաշնորհներն են, որոնց արժանացածները իրենց ցանկությամբ կընտրեն եվրոպական կոնֆերանսներին մասնակցելու հայտըՙ ստանալով ճանապարհածախսը: Իսկ ՀԲ ասոցիացիայի նախագահի հատուկ մրցանակը բաժին հասավ Արտեմ Գրիգորյանին (մեկ տարի ամսական 100 դոլարին համարժեք դրամ կրթաթոշակ), որն էլ արդեն ընտրվել է 2007 թ. կայանալիք ՀԲԱ-ի 4-րդ միջազգային երիտասարդական կոնֆերանսի նախագահ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ