«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Կփոխվի՞ կոռուպցիոն իրավիճակը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում երեկ 16 հոգի վկայականներ ստացան` «Հակակոռուպցիոն ռազմավարության» ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգի մեթոդաբանության ծրագրի դասընթացներին մասնակցելու համար: Ծրագիրը ենթադրում է դասընթացների, ուսուցման տարբեր ընթացակարգերի միջոցով կազմել քաղաքացիական հակակոռուպցիոն մոնիտորինգի խմբեր, որոնք 3 ամիս կաշխատեն կրթության եւ առողջապահության բնագավառում: Հակակոռուպցիոն փորձագետ Արտակ Սաղաթելյանը բնագավառների ընտրությունը բացատրեց այսպես. «Հակակոռուպցիոն ծրագրում դրանք համարվում են գերակա ոլորտներ եւ հասարակ քաղաքացու առօրյա շփումն այդ ոլորտների հետ ավելի շատ է»: Նշված ոլորտներում մոնիտորինգի խմբերի աշխատանքը պետք է նպաստի կոռուպցիայի նվազմանը: Կառավարման մասնագետ Վահան Ասատրյանի խոսքերով, խմբերն աշխատանքի արդյունքում ոչ թե պետք է հաստատեն կոռուպցիայի լինել-չլինելու հարցը, այլ պարզեն կոռուպցիայի առաջացման պատճառները: Մասնագետի համոզմամբ թեկուզեւ նման փափուկ վերահսկողության տեսակի սահմանումը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերի առաջացումը: Մասնագետը կարծում է, որ վերահսկողություն չլինելու դեպքում են ի հայտ գալիս կոռուպցիոն ռիսկերը:

Կազմակերպիչների խոսքերով, 9 մոնիտորինգի խմբերը կաշխատեն 8 մարզերում` ներառյալ Երեւանում: Իսկ մոնիտորինգի խմբերի մասնագետներն առողջական եւ կրթական հիմնարկներում աշխատանքը պետք է իրականացնեն մոնիտորինգի գործիքներով, կզրուցեն ոլորտին առնչվող քաղաքացիների հետ, կհետեւեն բժիշկների կամ ուսուցիչների, տնօրենների ընդունելության գործընթացներին, կանցկացնեն հարցազրույցներ: Իսկ երեք ամիս անց կամփոփեն արդյունքները` նշելով այն հիմնական միջոցներն ու ուղղությունները, որոնք ավելի նպատակահարմար են կոռուպցիայի դեմ պայքարում: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել խմբի անդամները. պրն Ասատրյանը պատասխանեց, որ մոնիտորինգի խմբի անդամները նախ անցել են լուրջ մրցակցային ընթացակարգ, կարեւորվել են նրանց բարոյական հատկանիշները, անբասիր վարկանիշն ու անցյալը, որում վերջինս համոզված է: Իհարկե այս հանգամանքը շատ կարեւոր է, քանի որ կաշառվելու հակումներ ունեցող մասնագետների աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում չի կարող որեւէ արդյունքի բերել: Մանավանդ որ, կազմակերպիչների խոսքերով, ոլորտում իրական փոփոխություններ են ակնկալվում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4