«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


«ՍԻՆՈՓՍԻՍԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Շարունակվում են ընկերության ներդրումները

Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանին «Սինոփսիսի բարեգործականը Հայաստանի համար» հիմնադրամի շնորհած Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհի շրջանակներում երեկ բացվեց ժամանակակից հեռաուսուցման լսարանՙ անհրաժեշտ սարքավորումներով եւ «Սինոփսիսի» էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթով: Նվիրատվությունը բուհին հնարավորություն կտա ստեղծելու փոքր լսարանների ցանց: Լսարանի բացման արարողությանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը հույս հայտնեց, որ նախագիծը կընդլայնվի եւ ցանցում կներգրավվեն հայաստանյան այլ գործընկերներ: «Այս քայլը դիտարկում ենք իբրեւ սերմ, որով կսկսենք օգտագործել ինտերնետի ուժը: Հուսով ենք, որ կկարողանանք ընդլայնել դասավանդումը եւ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ուսանողների, որ այս դասարանը կատալիզատոր լինի մյուսների համար», ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Բուհի ռեկտոր Յուրի Սարգսյանը նշեց, որ այս տարի նմանատիպ 10 դասասենյակներ ստեղծվելու են Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերում, բուհի երեւանյան այլ մասնաշենքերում: «5-6 դասարանի ստեղծման համար արդեն գումարներ կան», նշեց նա: Դասասենյակը հնարավորություն է տալիս ինտերակտիվ կապ ապահովելու ուսանողների եւ դասախոսների միջեւ, համակարգչային պրոռեկտորի միջոցով ներկայացնելու ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսներ, դասընթացը տեղափոխել ցանկացած հեռավորության վրա:

«Սինոփսիս» ընկերությունն արդեն Հայաստանում է 11 ամիս: Այս ընթացքում հայաստանյան կրթական ոլորտի հետ համագործակցության մի քանի ծրագրեր են իրականացվել: Ըստ Ռիչ Գոլդմանի, Հայաստանի կառավարությունը բարենպաստ եւ խրախուսող միջավայր է ստեղծում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Հայաստանի հետ իրականացվող ծրագրերից մեկն էլ ՀՀ նախագահի պարգեւի տրամադրման ծրագիրն է: Երեկ «Սինոփսիս Արմենիայում» տեղի ունեցավ լավագույն աշակերտների պարգեւատրման արարողությունը: Քանի որ տարեսկզբին հայտարարված «Լավագույն աշակերտ» մրցույթի մրցանակակիր 10-րդցիները մրցույթների արդյունքների ամփոփման ժամանակ արդեն ուսանողներ էին լինելու, նրանք չկարողացան մասնակցել նախագահի մրցանակաբաշխությանը: Այդ պատճառով երեկ «Սինոփսիսի» ղեկավարությունը պարգեւատրեց այդ երիտասարդներին:

«Սինոփսիսի» դիպլոմի արժանացան Քվանտ վարժարանի շրջանավարտ Վահե Մուսոյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանը եւ Շահինյանի անվան հատուկ ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Բորիս Հարությունյանը: Վահե Մուսոյանը, որ այս տարի ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր է, մրցանակակիրների անունից շնորհակալություն հայտնեց ընկերությանն իրենց խրախուսելու համար: «Ճիշտ է, միջազգային մրցանակների եմ արժանացել, բայց սա ինձ համար առավել կարեւոր է, քանի որ գնահատվում եմ սեփական երկրում»:

Յուրի Սարգսյանը, գնահատելով «Սինոփսիսի» եւ ճարտարագիտական համալսարանի համագործակցությունը, նշում է, որ այսպիսով իրականություն է դառնում համալսարանի հայտնի նշանաբանըՙ «Առաջնակարգ տեխնոլոգիական կրթություն, առաջանցիկ կրթական տեխնոլոգիաներով»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4