«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2005-09-23 | #171, 2005-09-24 | #172, 2005-09-27


ԻՆՏԵԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՁՈՒԼՈՒՄ

Ջավախքի կազմակերպությունները պահանջում են Վրաստանի կազմում լայն ինքնավարություն

Սեպտեմբերի 23-24-ն Ախալքալաքում տեղի է ունեցել Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների 3-րդ համաժողովըՙ «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» նախաձեռնության շրջանակներում, որի ավարտին ընդունվել է բանաձեւ: Ինչպես «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց «Վիրք» կուսակցության առաջնորդներից Դավիթ Ռստակյանը, համաժողովին մասնակցել են Ջավախքում ակտիվ գործող մի շարք կազմակերպություններՙ «Ջավախք» շարժումը, ՋԵՄ կազմակերպությունը, «Ակունքը», «Ա-Ինֆոն», «Վիրքը»:

Ընդունված բանաձեւում մասնավորապես ասվում է, որ «միայն ֆեդերալ միասնական Վրաստանի գոյության դեպքում կարելի է երաշխավորել տարածաշրջանի վերջնական կայունությունը, ինչպես նաեւ երկրի տարածքային ամբողջականությունը», «Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ հավասարակշիռ մոտեցումը կարող է վնասել Վրաստանի միջագային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը»:

Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններն անհրաժեշտ են համարում Վրաստանից մասնավորապես հետեւյալ քայլերի իրագործումը. «Սամցխե-Ջավախքի, իր ներկա սահմաններով եւ Քվեմո Քարթլիի սահմանակից առավելապես հայաբնակ բնակավայրերով, վերածումը Վրաստանի պետական ֆեդերալ կառույցի ինքնավար սուբյեկտներից մեկիՙ ինքնակառավարման լայն իրավասություններով, ներառյալ ազատ ընտրություններով ինքնակառավարման բոլոր մարմինների ընտրության իրավունքով», «Սամցխե-Ջավախքում հայերենիՙ պետության պաշտոնական լեզվին զուգահեռ կարգավիճակի տրամադրումը», «պետության կողմից Սամցխե-Ջավախքում բնակվող ժողովուրդների ազգային ինքնության եւ մշակույթի, լեզվի եւ պատմության պահպանման ու զարգացման երաշխավորումըՙ պետբյուջեից համապատասխան հատկացումներ կատարելու միջոցով»:

Ռուսական եւ վրացական կենտրոնական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են միջոցառումը: Ընդ որում, եթե Մոսկվայում շեշտադրումը կատարվել է Ջավախքի հայության Վրաստանից ինքնավարություն պահանջելու հարցի վրա, ապա Թբիլիսիում միջոցառման կազմակերպիչներին պիտակավորել են ծայրահեղականներ եւ անջատողականներ: Մեզ հետ հեռախոսազրույցում Դավիթ Ռստակյանն ասաց, որ «այս հողի ու ջրի տերը մենք ենք», «մենք ենք կազմակերպել այս համաժողովը», որպեսզի առկա խնդիրներին տրվի իրական գնահատական:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4