Երեւանի 7 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան, որոնց ընթացքը, նախնական տվյալների համաձայն, եղել է բավականին հարթ: Ընդհանուր մասնակցությունն էլ ցածր չի եղել: Ամենից թեժ պայքարը Կենտրոն համայնքի թաղապետ դառնալու համար էր: Երկու թեկնածուներն էլՙ Ռուզան Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը մեծ ձգտում էին դրսեւորում Կենտրոն համայնքի թաղապետ դառնալու համար: Թեկնածուներից առաջինը սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում ստացել է 4 հազար 430 ընտրողի ձայն, իսկ Գագիկ Բեգլարյանի քվեները կազմել են 32 հազար 484 ձայն: Համայնքում կա 91 հազար 289 ընտրող: Նրանցից 37 հազար 799-ըՙ 43 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Անճշտությունները 55-ն են, անվավեր է ճանաչվել 902 ձայն: Երեկվա դրությամբ ստացվել է մեկ բողոք Ռուզան Խաչատրյանից, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է փոխանցել նրա վստահված անձը: Բողոքին դեռեւս պատասխան չի տրվել հետադարձ հասցեի բացակայության պատճառով:
Արաբկիր համայնքի 87 հազար 500 ընտրողներից մասնակցել է 27 հազարը 580-ը, նրանցից 18 հազար 215-ն իրենց ձայնը տվել են թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանին:
Ամենից մեծ մասնակցությունը գրանցվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: 97 հազար ընտրողից 40 հազարըՙ 42 տոկոսն իր «այո»-ն կամ «ոչ»-ն է ասել ապագա թաղապետի ով լինելուն:
Ընտրությունների վերջնական տվյալները հայտնի կդառնան ընտրություններից 5 օր անց:
Ն. Պ.