Այս անգամՙ առանց որեւէ նոր շենքի հանձնման
Գյումրու քաղաքապետարանը 2003 թվականից նախաձեռնել եւ ամեն սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպում է «Քաղաքի օր» տոնակատարություն: Անցած շաբաթ այն անցկացվեց երրորդ անգամ, մայրաքաղաքից ժամանած մեծաթիվ հյուրերիՙ նախարարների, խորհրդարանականների, դիվանագետների, գիտության ու մշակույթի ճանաչված գործիչների մասնակցությամբ: Նրանց հանդիսավոր դիմավորում էր կազմակերպվել քաղաքի հարավային մուտքի մոտ:
Օրվա առաջին միջոցառումը յուրատեսակ հանդիպում էր մեր պատմության հետ: Այդ պատմության հերոսական ու փառավոր էջերից մեկը Անի-Շիրակ կենտրոնով Հայոց Բագրատունյաց թագավորության ավելի քան մեկուկեսդարյա ժամանակաշրջանն է, որի հիմնադրման 1120-ամյակն է այս տարի: Այդ առթիվ Շիրակի այսօրվա կենտրոն Գյումրիում, Արագած փողոցում տեղադրված Բագրատունյաց հուշակոթողի (հեղինակՙ Հակոբ Ջիվանյան) բացման հրաշալի կազմակերպված հանդիսությունըՙ փոքրիկ թատերականացված հատվածով, պատմության հուզիչ ու խորիմաստ դաս էր ներկաների համար: Ինչպես օրհնության հոգեւոր կարգ կատարելուց հետո իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու սրտում այսպիսի մի հուշարձանի նշանակությունն ու իմաստը շատ ավելին է, քան առաջին պահին կարելի է ենթադրել: Սա նաեւ հիշեցնում է, որ մենք ենք Բագրատունյաց տան, այսօր սահմանից այն կողմ մնացած մեր սրբությունների իրական ժառանգորդն ու տերը: Հանդիսության մասնակիցներին դարերի խորքից իր արքայական ողջույնն ու պատգամն էր բերել Բագրատունյաց թագավորական տոհմի հիմնադիր Աշոտ Առաջին արքան: Իր սիրտ թունդ հանող խոսքում նա Հայկա զավակներին, թոռներին ու ծոռներին հիշեցրեց, որ մեր սուրը դիպուկ է եղել այն դեպքերում, երբ միաբան են եղել թագավորը, իշխանները եւ ժողովուրդը:
Քաղաքի օրվա մասնակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին Սայաթ-Նովայի փողոց, որտեղ Թատերական հրապարակում, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի արձանների հարեւանությամբ բացվեց այս քաղաքի մեկ այլ մեծանուն զավակիՙ Հովհաննես Շիրազի արձանը: Բանաստեղծի տաղանդավոր որդինՙ Արա Շիրազը, դասական ոճով կերտված պղնձաձույլ քանդակում ստեղծել է քնարերգու եւ փիլիսոփա պոետի կերպարը երիտասարդ տարիքում, ստեղծագործական ներշնչման պահին: Արձանը, որի պատվանդանը շուտով ծածկվեց թարմ ծաղիկներով, բացեցին բանաստեղծի զավակներ Արան, Անին եւ Վանանդը:
Հաջորդը SPFA ֆրանսիական կազմակերպության հիմնածՙ Հայ-ֆրանսիական բարեկամության այգու բացումն էր Անի թաղամասում: Ապա քաղաքի կենտրոնում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանձնվեցին տարվա «Պատվավոր վարպետ» ոսկյա կրծքանշանները: Այս տարի դրանք շնորհվեցին հայ բեմի մեծ երախտավոր, բեմադրիչ Վարդան Աճեմյանին (հետմահու), ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին, գիտնական-սրտաբան Կարլեն Ադամյանին, գրող, հրապարակախոս Լեւոն Անանյանին:
Օրվա տոնակատարություններն ավարտվեցին երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած տոնական մեծ համերգով եւ հրավառությամբ:
Ամբողջ դրականով հանդերձ երեւի ճիշտ կլիներ հաջորդ տարիներին կազմակերպել այնպիսի տոնակատարություն, որին քաղաքի բնակիչներն ու հյուրերը ոչ թե պարզ հանդիսատես, այլեւ անմիջական մասնակից լինեին: Այդ դեպքում տոնը գուցե ավելի լավ կծառայեր իր նպատակին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ