Բուսաբանական այգու հրդեհի մասին շաբաթ օրն ուշ երեկոյան հայտնեց հեռուստաընկերություններից մեկը: Կիրակի առավոտվանից վերսկսված հրդեհը մինչեւ ցերեկվա ժամը երկուսը-երեքը շարունակվում էր. հետմիջօրեին այգու` դեպի Մյասնիկյան պողոտա եւ Զեյթուն նայող հսկայական հատվածում դեռ ծխացող տեղեր կային: Հրշեջ մեքենան հեռացավ` չհասցրինք հրշեջների հետ խոսել, իսկ բուսաբանության ինստիտուտի այգու գծով փոխտնօրեն Գագիկ Հովսեփյանի խոսքով` շաբաթ օրն ուշ երեկոյան բռնկված գիհիների հատվածի հրդեհը հանգցրել է այգու պահակը` Ավանի հերթապահ մասի հետ: Այրվել էր շրջանաձեւ երկու հատված, վարչական շենքից մի փոքր հեռու. այրված-սեւացած գետնատարած գիհիները կարծես կենդանի այրված մարդիկ լինեին: Կիրակի առավոտյան փոխտնօրենին զանգահարել են տուն` լուր տալով այգու կասկադից վեր գտնվող հսկա տարածքի այրվելու մասին: Եկել է` սկսել են պահակների ու վարորդի հետ հանգցնել, եկել է նաեւ հրշեջ խումբը: 2 հազար քառ. մետր տարածքը սեւացած ու տխուր տեսք ուներ: Այրված տարածքները հասնում էին մինչեւ այգու բարձրադիր եզրը, որտեղից երեւում է Մյասնիկյան պողոտայի նորակառույց գոտին: Հրդեհի պատճառների մասին ենթադրություններ են արվում. երիտասարդ զույգերի սիրած հատվածն է` ծխախոտ են գցել, կասկածներ կան նաեւ դիտավորյալ այրելու մասին` երկու ենթատեքստով, մեկը հեռուն գնացող նպատակներով, մյուսը` տնօրինության հեղինակությանը վնասելու համար:
Այգու ողջ տարածքում միակ խոնավ տեղը հրշեջ մեքենայի կանգնած տեղում էր: Չոր-չջրված այգին իսկական խայծ է չարամիտների եւ Հերոստրատի սինդրոմով տառապողների համար: Կասկադը, որի հարակից մասն այրվել էր, բուսաբանական այգու ամենաբարձրադիր մասն է, այնտեղ բարձրանում են աստիճաններով, եւ, փաստորեն, այգու հանգստյան գոտին է, որտեղ հանգստյան օրերին ամռանը գալիս են ընտանիքներով: Այսքան տարի բնակվելով բուսաբանական այգուց ոչ հեռու` չեմ լսել որեւէ մեծ հրդեհի մասին. ինչ պատահեց, ինչու հանկարծ հանգստացողներն ու սիրահարները միայն հիմա մոռացկոտ կամ չարամիտ դարձան:
Առավել հավանական է այն տարբերակը, որ մեր փողատերերից մեկին ներքեւից նայելիս հանգիստ չի տալիս բուսաբանական այգու` Մյասնիկյան պողոտայի հանգստյան գոտու վրա կախված շատ հարմար դիրքը: Եվ նա էլ գործում է ընդունված սխեմայով. նախ այրել, հետո երկաթե ցանց քաշել, իսկ «օբյեկտի» շինարարությանը զուգահեռ` օրինական թղթեր էլ կսարքվեն, ձեւ էլ կգտնվի այգու այդ հատվածն օտարելու:
Մենք գիտակցված չհետաքրքրվեցինք, թե ինչ են ձեռնարկել իրավապահ մարմինները հրդեհի առնչությամբ. հրձիգ չի գտնվելու, հանգստացողների անփութությունը միշտ էլ լուրջ, երբեմն էլ հիմնավորված կասկած է` կզբաղվեն: Ավանի թաղապետն էլ տեղյակ է եւ խոստացել է զբաղվել այգով:
Սակայն այս մի դեպքում մենք էլ ենք հետեւողական լինելու. ամիսը մեկ բարձրանալու ենք այրված տարածք. հենց տեսնենք, որ այգու այդ հատվածները չանթելու ախորժակ ունեցողներ են հայտնվել` ուրեմն նրանք էլ այսօրվա հրդեհի հեղինակներն են. հիմիկվանից մեղադրական փաստաթուղթ է «Ազգի» այս հրապարակումը: Իսկ այդպես մտածելու համար մենք շարժառիթներ ունենք. «Դրախտի» ու նրա երկարությամբ կանգնած ավտոլվացման կետի տարածքները ժամանակին այգու ամենալավ հատվածներից են խլվել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ