Աշխարհասփյուռ հայությունը վերականգնում եւ զարգացնում է Մարտակերտի շրջանը
«Հեռուստամարաթոն-2004»-ի ընթացքում հայ ժողովուրդը հանգանակեց մոտ 11 մլն դոլար, որը բավարար է «Հյուսիս-հարավ» 160 կմ մայրուղին կառուցել-ավարտելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 25 մլն է, այս ճանապարհով ԼՂ հարավային Հադրութ եւ հյուսիսային Մարտակերտ քաղաքները կապվում են միմյանց: Նախկին ճանապարհով Հադրութից Ստեփանակերտ հասնելու համար պետք էր անցնել Ֆիզուլիով եւ Աղդամով, իսկ Ստեփանակերտից Մարտակերտ` Աղդամով եւ համանուն շրջանի ադրբեջանական մի քանի գյուղերով:
Նոյեմբերի 24-ին կայանալիք «Հեռուստամարաթոն-2005»-ի գումարներն ամբողջությամբ ուղղվելու են «Արցախի վերածնունդ» համալիր ծրագրի առաջին փուլին` Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը, ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 10 մլն 430 հազար դոլար: «Ես կարծում եմ, որ այս ծրագիրն արժե 12 մլն-ից ավելի: Հաշվի առնելով Մ. Նահանգների վերջին իրադարձությունները` «Կատրինա» փոթորկի հետեւանքները, դոլարի անկումը, եվրոն է անկայուն, ընդհանուր առմամբ կա միջազգային տնտեսական ճգնաժամ, կարծում եմ, որ մենք անցյալ տարվա արդյունքը չենք ունենա: Բացի այդ, կա օբյեկտիվ հանգամանք. մենք ներկայացնում ենք նոր ծրագիր: Փաստորեն, «Մարտակերտի շրջանի վերականգնման եւ զարգացման» ծրագրով հիմնադրամը զուտ հումանիտարից կատարում է անցում դեպի զարգացման ծրագրերի: Պետք է կարողանանք լավ հասցնել մեր ժողովրդին, թե սա ինչ ծրագիր է», ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը:
Հեռուստամարաթոնի կարգախոսն է «Նվաճենք նոր հորիզոններ»: «Իսկապես նոր հորիզոններ ենք նվաճում, քանի որ իրականացնում ենք նոր որակի եւ տեսակի ծրագրեր, որոնք ուղղված են յուրաքանչյուր հայի բարգավաճմանը: Հույսեր կան, որ Հայաստանն ու ԼՂ-ն ակտիվորեն կմասնակցեն, որովհետեւ սա մեր ընդհանուր գործն է: ԼՂ-ն եւ Հայաստանը մեկ ընդհանուր տնտեսական գոտում են: Մարտակերտը հարուստ գյուղատնտեսական շրջան է եւ կարող է մեծապես նպաստել Հայաստանի պարենային անվտանգությանը: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ սա նաեւ յուրաքանչյուր հայի համար կարեւոր ծրագիր է», նշում է Մելքումյանը:
Մարտակերտի տնտեսական զարգացման գերակա ուղղությունը գյուղատնտեսությունն է, ինչպես նաեւ` գյուղմթերքների վերամշակումը, փայտամշակումն ու զբոսաշրջությունը:
«Մարտակերտը Հայաստանի եւ Արցախի ամենահարուստ շրջաններից է, սահմանամերձ է, ամենախիտ բնակեցվածն է եղել պատերազմից առաջ, իսկ այսօր ամենաքիչ բնակեցվածն է, որովհետեւ մի քանի անգամ եղել է թշնամու ձեռքում, լիովին քարուքանդ է արվել: Պետք է վերանորոգել այդ շրջանը եւ մարդկանց հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները: Եթե մենք խոսում ենք Արցախը վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին, այսօր այս ծրագրով մենք իրականացնում ենք նաեւ վերաբնակեցում, այսինքնՙ վերադարձնելու ենք փախստականներին, որովհետեւ շատ մարտակերտցիներ կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, որոնք կցանկանային վերադառնալ, սակայն պայմաններ չկան: Ժողովրդագրական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը, առաջինը, որպեսզի նրանք կարողանան ամուսնանալ եւ ունենալ մի քանի երեխա: Մենք ունենք մի ծրագիր, որով վարկ ենք տրամադրելու երիտասարդ ընտանիքներին, եւ երրորդ երեխան ծնվելու դեպքում այդ վարկը համարելու ենք մարված», ասում է հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Մարտակերտի շրջանի վերականգնման եւ զարգացման» ծրագիրը պատրաստել են մի քանի լուրջ մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Հայաստանից: Փաստորեն, սա առաջին զարգացման ծրագիրն է, որ ստանում է Ղարաբաղի կառավարությունը: «Ենթադրում ենք, որ «Արցախի վերածնունդ» ծրագիրը կտեւի 2-3 տարի: Այս տարի հյուսիս ենք գնացել, մյուս տարի կգնանք հարավ (Հադրութ), իմ կարծիքով, Արցախի կենտրոնն արագ, լավ զարգանում է: Միգուցե անհրաժեշտություն կլինի անդրադառնալ Մարտունու շրջանին, տեսնենք, ժամանակը ցույց կտա», ասում է Մելքումյանը:
Այս տարի հիմնադրամը վերանորոգել է Լիբանանի տեղական մարմինը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշում է, որ Լիբանանում կազմակերպվելու է «ռադիոթոն»: «Անցյալ տարի եւս եղել է, բայց նախապատրաստվել է 1-2 օրում, իսկ այս անգամ մեկ ամսից ավելի են նախապատրաստվելու: Լիբանանի հայկական «Վանաձայն» ռադիոկայանի միջոցով անցյալ տարի հավաքվեց մոտ 30 հազար դոլար: Հուսով ենք, այս տարի շատ ավելի կհավաքվի: Վերջերս ես Լիբանանում էի, շատ լավ, հայրենասեր համայնք ունենք: Ժամանակին հիմնադրամի Լիբանանի տեղական մարմինն ինքնալուծարվել էր: Այսօր ձեւավորվել է նորը, որում կան անդամներ ե՛ւ հնից, ե՛ւ նորերը», նշում է նա:
Ռուսաստանում այս տարի ստեղծվել է հիմնադրամի տեղական մարմին, որը ղեկավարում է Սեյրան Բաղդասարյանը: «Հուսով ենք, կունենանք ձեռքբերումներ, որովհետեւ այնտեղ ունենք ղարաբաղցիների ստվար հատված: Իհարկե, մենք գիտենք, որ ռուսահայերը մեծապես նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանն իրենց ներդրումներով: Սա այն երկու նորությունն է, որ մենք ունենք, որի հետ կապում եմ մեծ հույսեր: Երրորդ նորությունըՙ Նյու Յորքում մենք առաջին անգամ անցկացնելու ենք ֆոնետոն, որը շատ լավ նախապատրաստված է: Ինչպես գիտեք, ֆոնետոն անցկացվում է Ֆրանսիայում:
«Հեռուստամարաթոն- 2005»-ի բովանդակային մասով այս տարի որոշել ենք կենտրոնանալ հենց Մարտակերտի շրջանի ներկայացման վրա: Երբ որ մեծ ճանապարհ ես ներկայացնում, մարդկանց պետք է ոգեւորես ընդհանուր հայրենասիրական զգացումներով: Այս տարի խնդիրը փոքր-ինչ այլ է, պետք է ծանոթացնենքՙ ինչ է Մարտակերտը, նրա պատմությունը, ովքեր են այնտեղ բնակվում: Պետք է օգնել մարդկանց, որոնք պատերազմ են անցել: Մարտակերտում ջուր չկա, չնայած ջրի ամենամեծ աղբյուրն է: Մարդկանց տնային պայմաններն են սարսափելի, չկան հիվանդանոց, բուժկետեր: Կարծում եմ, հայաստանցի հեռուստադիտողի համար եւս հետաքրքրական կլինի ճանաչողական իմաստով: Ես ցանկություն ունեմ, որ ներքին զբոսաշրջությունը զարգանա Հայաստանում, տեսնենք մեր չնաշխարհիկ վայրերը, բնության այն հարստությունը, որ ունենք Մարտակերտում», ասում է Մելքումյանը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ