«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2005-09-24 | #172, 2005-09-27 | #173, 2005-09-28


ՍԵՐ ՈՒ ՀԱՎԱՏ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԻՆՆ Է

Շուտով կցուցադրվի նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Առաքել» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ֆիլմի ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը: Ֆիլմը ներկայացնում է 1910-15 թթ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Ֆիլմը չկայացած սիրո պատմություն է, որ շարունակվում եւ տրամաբանական ընթացք է ստանում 1915 թ. հայ շինականի, մտավորականի եւ ազնվականի բռնած գաղթի ճամփին: «Սա իրական պատմություն է, որ տեղի է ունեցել պապիկիս եղբոր հետ, ասաց ռեժիսորը: Այս ճանապարհին հերոսներին փրկում է այն սերը, որ միայն հայինն է, հավատն առ Աստված»:

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին անցյալ տարվա դեկտեմբերից: Նկարահանումները տեղի են ունեցել Լոռու մարզում, Գյումրիում, Սեւանա լճի շրջակայքում եւ Երեւանում: «Առաքելի» բյուջեն 100 հազար ԱՄՆ դոլար է: Ըստ ռեժիսորի, սա շատ քիչ է գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար, սակայն ցանկությունն առավել կարեւոր է: Զոհրապ Բեկ-Գասպարենցի համոզմամբ, յուրաքանչյուրն իր բնագավառում պետք է ամեն ինչ անի, որպեսզի քայլ առ քայլ հասնի Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը:

Ֆիլմն այժմ թարգմանվում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Հեղինակները պետք է ֆիլմն ամեն գնով փորձեն ցուցադրել Թուրքիայում: Միջազգային փառատոներում ֆիլմը ներկայացնելու աշխատանքներ են տարվում, արդեն կան նախնական պայմանավորվածություններ:

«Մենք պետք է վերադառնանք մեր հավատքին: Մեր հույսը մենք ենք եւ մեր Աստված: Հայը շատ ներողամիտ է, երբ գիտակցաբար մեզ ներողություն խնդրեն իրենց գործած ոճրագործության համար, մենք կներենք: Քանի որ մեր հարեւան պետությունը դեռեւս չունի ներողություն խնդրելու վեհությունը, մենք պետք է այնքան ֆիլմեր ու գրականություն ներկայացնենք, որ նույնիսկ նրանք հասկանան»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4