«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2005-09-24 | #172, 2005-09-27 | #173, 2005-09-28


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած հանրապետական մշակութային փառատոնը, որը կրում է «Պահպանենք մեր մշակույթը» խորագիրը, արդեն հասցրել է հյուրընկալվել Արմավիրի, Արարատի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: Ըստ նախատեսված ծրագրի, հաջորդ մարզը Գեղարքունիքն էր: Մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի պալատի մուտքի մոտ փառատոնի պատվիրակությանը դիմավորեցին ավանդական աղ ու հացով եւ երաժշտության ուղեկցությամբ հրավիրեցին դիտելու նախասրահում կազմակերպված բոլոր համայնքների արվեստի դպրոցների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Քիչ անց լեփ-լեցուն դահլիճում ազդարարվեց փառատոնի համերգային ծրագիրը: Բացման արարողության պատիվը տրվեց Մարտունու «Ալաշկերտ» պարային համույթին (գեղ. ղեկավարՙ Արմեն Խաչատրյան):

Քաղաքի լավագույն երգիչ-երգչուհիները, ասմունքողները, պարային խմբերը երկու ժամ տեւած համերգային ծրագրում ներկայացրին հայ մշակույթի լավագույն նմուշները: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը ասաց. «Փառատոնը մեզ համար ամենագեղեցիկ օրը եղավ ու այն մեր քաղաքի պատմության մեջ պետք է նշենք: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր արվեստի մեծերին, որոնք այսօր այստեղ են ու ոգեպնդել են մեր ժողովրդին: Բարի երթ փառատոնին...»:

Հյուրընկալ մարզի ղեկավարությանն ու ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանըՙ նշելով. «Փառատոնի ծրագիրը չէր լինի, եթե չլինեին մարզի մի շարք կազմակերպությունների եւ անձանց աջակցությունը: Մենք այլընտրանք չունենք, մեր առաջընթացի կարեւոր երաշխիքն է դեմ հանդիման կանգնենք դեպի մեր ազգային մշակույթը, դեպի մեր սահմանամերձ շրջանները, մեր ժողովրդին, համախմբվենք բոլորս...»:

Փառատոնն ավարտվեց, բայց դեռ երկար ժամանակ մարդիկ տպավորություններ էին փոխանակում: Սեւան քաղաքի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի կարծիքով, «փառատոնն անկրկնելի էր, վայրն էլՙ շատ ճիշտ ընտրված, քանի որ սահմանամերձ գոտում ապրողները տարիներով պրոֆեսիոնալ խմբերի համարյա չեն տեսնում ու կտրված են կյանքից: Ահա այս փառատոնն էլ հնարավորություն տվեց շփվելու նրանց հետ»: Օրն ավարտվեց, սակայն փառատոնից ստացած գեղագիտական հաճույքը երկար կմնա մարզի բնակչության հիշողության մեջ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4