Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում բավական հետաքրքրական ու լարված մրցապայքար է ծավալվել բարձրագույն խմբի երկու ուղեգրերի համար: Մրցակարգի համաձայն, առաջին տեղը զբաղեցրած թիմն իրավունք է ստանում հաջորդ մրցաշրջանում հանդես գալու բարձրագույն խմբում, իսկ երկրորդը ճանաչված ակումբն ուժեղագույնների խմբի ուղեգիրը պետք է վիճարկի հոկտեմբերի 14-ին «Շիրակի» հետ կայանալիք անցումային խաղում:
«Հրազդան» մարզադաշտում կայացավ ուղեգրերի գլխավոր հավակնորդներ «Արարատ-2»-ի եւ «Երեւան յունայթեդի» վճռորոշ հանդիպումը: Սկզբունքային այդ խաղի արդյունքն անչափ կարեւոր էր երկու թիմերի համար էլ: Արարատցիները 4 միավորով գերազանցում էին մրցակցին, թեեւ վերջինս մեկ խաղ պակաս էր անցկացրել: Ուստի հաղթանակի դեպքում արարատցիները գործնականում կլուծեին ուղեգրի հարցը, իսկ ահա անհաջողությունը կարող էր կասկածի տակ դնել թիմի առջեւ դրված առաջադրանքի հաջող կատարումը:
Ի պատիվ արարատցիների, նրանք մրցաշրջանի ամենավճռորոշ հանդիպմանը ներկայացան մարտական տրամադրվածությամբ, հաղթանակի հասնելու վճռականությամբ: Արդեն 11-րդ րոպեին «Արարատ-2»-ը բացեց հաշիվը: Արագ կոմբինացիայի արդյունքում Գագիկ Սիմոնյանը դուրս եկավ հարվածային դիրք եւ գնդակն ուղարկեց դարպասը, սակայն դարպասապահը հետ մղեց այն: Վրա հասած Էդգար Սաֆարյանը երկրորդ հարվածով բացեց հաշիվը:
Բաց թողած գոլը ստիպեց «Երեւան յունայթեդին» ակտիվացնելու հարձակողական գործողությունները: Եվ մինչեւ ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Կարեն Նազարյանը:
Ընդմիջումից հետո խաղային ու տարածքային առավելությանն ամբողջովին տիրեցին արարատցիները, որոնք ի վերջո հասան համոզիչ հաղթանակի: Նախՙ Արեգ Ավագյանն առաջ մղեց արարատցիներին, ապա Տիգրան Եսայանն ու Գրիգոր Գրիգորյանն ամրապնդեցին թիմի վերջնական հաղթանակը (4-1): Նշենք, որ խաղի վերջին 20 րոպեները թեեւ արարատցիներն անցկացրին 10 հոգով (դաշտից հեռացվել էր Գրիգոր Գրիգորյանը), սակայն մրցակցին չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել:
Այսպիսով, տոնելով հույժ կարեւոր հաղթանակ, արարատցիները գործնականում լուծեցին բարձրագույն խմբի ուղեգրի հարցը: 22 խաղից հետո «Արարատ-2»-ը վաստակել է 50 միավոր եւ այժմ 7 միավորով գերազանցում է «Երեւան յունայթեդին»: Բաղձալի ուղեգիրը փաստացի նվաճելու համար արարատցիներին անհրաժեշտ է «Բանանց-2»-ի եւ «Դինամոյի» հետ մնացած երկու հանդիպումներում վաստակել ընդամենը 3 միավոր, ինչը թիմի համար իրականացնելի խնդիր է:
Ի դեպ, վճռորոշ հանդիպմանը ներկա էր «Երեւան յունայթեդի» հովանավոր Տիգրան Հովիվյանը, որը երկու ամսով գտնվում էր Ավստրալիայում եւ խաղի օրն էր ժամանել Երեւան: Ինչպես հայտնի է, «Երեւան յունայթեդը» հայտնվել էր ֆինանսական անմխիթար վիճակում, որի պատճառով էլ առաջնությունում անվստահ էր հանդես գալիս: Ֆուտբոլիստներին երկու ամիս աշխատավարձ չէր վճարվել, որի պատճառով նրանք նույնիսկ չներկայացան «Փյունիկ-2»-ի հետ առաջնության հանդիպմանը: Տիգրան Հովիվյանը տեղեկացրեց, որ ակումբի ֆինանսական գործերը կարգավորվում են: Ինչ խոսք, ուրախալի է, որ նորաստեղծ թիմը կշարունակի իր նորմալ գործունեությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ