Դա համարելով «անհրաժեշտ նախապայման» ԵՄ-ին անդամակցության համար
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրոխորհրդարանը (Եվրոմիության օրենսդիր մարմինն է) երեկ Ստրասբուրգում ընդունած բանաձեւով որոշել է, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու համար պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: BBC-ն նկատում է, որ բանաձեւն ունի խորհրդատվական բնույթ, սակայն «կարող է կատաղեցնել Անկարային, որը ժխտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը»: «Անկարայի համար այս հարցը միշտ եղել է ծայրահեղ զգայացունց, հատկապես այսօր, երբ (Թուրքիան) նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին: Եվրոխորհրդարանի բանաձեւը խոչընդոտ չի լինի Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցություններում, որոնք պետք է սկսվեն Լյուքսեմբուրգում, հոկտեմբերի 3-ին», գրում է BBC-ն:
Եվրոխորհրդարանի կայքէջում տեղադրված հոդվածի համաձայն, «356 «կողմ», 181 «դեմ» եւ 125 «ձեռնպահ» ձայներով ընդունված քաղաքական բանաձեւում, այդուհանդերձ, խորհրդարանը նկատում է, որ անդամակցության բանակցությունները կարող են սկսվել հոկտեմբերի 3-ին»: Մյուս կողմից, Եվրոխորհրդարանը հետաձգել է Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ ընդլայնված մաքսային միության արձանագրության վավերացման քվեարկությունը, հաղորդում է «Ռոյթերը»: Փաստորեն, քվեարկությունը հետաձգելով, խորհրդարանականները ճնշում են բանեցնում Անկարայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Կիպրոսը: «2006 թ. վերջին Եվրոհանձնաժողովը (ԵՄ գործադիր մարմինն է) գնահատելու է` արդյոք Թուրքիան ամբողջությամբ իրագործե՞լ է արձանագրությունը: Եթե ոչ, ապա անդամակցության բանակցությունները կարող են դադարեցվել», նշվում է Եվրոխորհրդարանի կայքէջում:
Ընդունած բանաձեւով Եվրոխորհրդարանը թուրքական իշխանություններին քննադատում է մարդու իրավունքների, կրոնական ազատությունների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների համար: Ըստ BBC-ի, երեկվա քննարկումները եղել են բուռն, շատ պատգամավորներ, հատկապես աջակողմյան, կտրականապես դեմ են արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենն ընդգծել է, որ բանակցությունները լինելու են «ամենակոշտը», մյուս կողմից ասել է, որ Թուրքիայի կառավարությանՙ երկրում «քրդական հարցի» առկայության ընդունումը եւ «Հայկական հարցով» գիտաժողովի անցկացումը «լավ նշաններ» են:
Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանը 2004 թ. դեկտեմբերին Ստրասբուրգում «Թուրքիայի առաջընթացը դեպի անդամակցություն» զեկույցի տեքստում մտցրել էր 84 ուղղումներ, որոնցից 18-րդը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Այդ ուղղումով «Թուրքիային կոչ էր արվում հայ ժողովրդի հետ առաջ տանել հաշտեցման գործընթացըՙ հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհովՙ Թուրքիայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրոխորհրդարանի ավելի վաղ ընդունված բանաձեւերի համաձայն»:
Իր հերթին «Մեդիամաքսը» հիշեցնում է, որ 2002 թ. փետրվարին Եվրոխորհրդարանն ընդունել էր շվեդ պատգամավոր Պեր Գարթոնի զեկույցը Հարավային Կովկասի եւ ԵՄ հարաբերությունների մասին, որի 15-րդ կետը կոչ էր անում Թուրքիային «ձեռնարկել միջոցներ, որոնք համահունչ են իր եվրոպական ձգտումներին, հատկապես Հայաստանի շրջափակման դադարեցման հարցում»:
Ըստ էության, Եվրոխորհրդարանը վերահաստատել է 1987 թ. հունիսի 18-ին ընդունած որոշումը, որով Եվրոմիության օրենսդիր մարմինըՙ խորհրդարանը, ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: