«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՄԻՋՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում վերսկսվել է Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությունը:

Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին, 2004 թ. փետրվարի 19-ին կացնահարել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:

Ինչպես հաղորդում են դատական նիստին մասնակցած հայկական կողմի ներկայացուցիչները, նիստը սկսվել է վկա Սաուլուս Պաուլուսի (Լիտվա) ցուցմունքների ընթերցմամբ: Պաուլուսը միեւնույն սենյակում էր բնակվում Հայկ Մակուչյանի հետ` երկրորդ հայ սպայի, որի նկատմամբ Ռամիլ Սաֆարովը մահափորձ էր կատարել, այս անգամ` անհաջող:

Ապա ցուցմունքներ է տվել Հայկ Մակուչյանը: Դատավորի եւ դատապաշտպանների հարցերին պատասխանելուց հետո Մակուչյանն առաջին անգամ հնարավորություն է ստացել հարցեր ուղղել ամբաստանյալին: Սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հայ սպայի որեւէ հարցի:

Հունգարացի երկու հոգեբույժները, որոնք ամբաստանյալի դատահոգեբուժական փորձաքննություններ էին անցկացրել, ներկայացրել են իրենց եզրակացությունները: Առաջինը, որը քննել էր Սաֆարովին սպանությունից ընդամենը չորս օր հետո, վճռականորեն հերքում էր իր ընդդիմախոսի պնդումը, թե սպանության ժամանակ Սաֆարովի մոտ եղել է հետտրավմատիկ սինդրոմ: Այս պնդումը Սաֆարովի պաշտպանն առաջ է քաշում` ջանալով մեղմացնել իր պաշտպանյալի պատիժը: Ադրբեջանի ներկայացուցիչներն անում են հնարավորը մարդասպանին իբրեւ հետտրավմատիկ սինդրոմով տառապողի ներկայացնելու համար, որ նա իբր ձեռք է բերել մանկության շրջանում` Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռամիլ Սաֆարովի ընտանիքը հեռացել էր հայրենի գյուղից պատերազմական գործողություններից շատ առաջ:

Անար Ռաուֆ Ալիեւը` մյուս ադրբեջանցի սպան, որը Սաֆարովի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի ծրագրին, արդեն երրորդ անգամ չէր ներկայանում դատարան: Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը մի նամակ է հանձնել դատարանին, ըստ որի, վկան շփման դժվարություններ ունի խոսքի խանգարման պատճառով: Դատավորը պահանջել է ներկայացնել Ալիեւի առողջական խնդիրները հաստատող պաշտոնական փաստաթուղթ:

Ի վերջո, դատարանը վճռել է անցկացնել մեղադրյալի երրորդ դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքներին նախապատվություն կտրվի առաջին երկուսի նկատմամբ: Դատավարությունը կվերսկսվի 2005 թ. դեկտեմբերի 15-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4