«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

«Արարատ» կոնյակի արտադրողը եւ հայկական կոնյակագործության առաջատարը շուկայում` Երեւանի կոնյակի գործարանն իր զարմանքն է արտահայտում իր հասցեին արված հայտարարությունների վերաբերյալ: Վերջիններիս համաձայն, «Պեռնո Ռիկար» ընկերությունը վատնել է գնման պահին առկա ամբողջ պահուստային բազային սպիրտների կեսը, ընդ որում, համաձայն նույն աղբյուրի, բազային սպիրտի ծավալը չի ավելացվում: Բացի այդ հայտարարվել է, որ «Պեռնո Ռիկար» ընկերությունը քննարկում է Երեւանի կոնյակի գործարանը վաճառելու հնարավորությունը:

Մենք կտրականապես հերքում ենք վերը նշված բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ ԵԿԳ-ն խստագույնս կատարում է բազային կոնյակի սպիրտի պահպանման վերաբերյալ իր բոլոր ստանձնած պարտավորությունները, որի վառ ապացույցն է այն փաստը, որ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա պահուստային սպիրտների միջին տարիքը կազմել է 10 տարի:

1999 թ.-ին «Պեռնո Ռիկար» ընկերության ձեռքբերման պահից «Արարատ» կոնյակի վաճառքներն ավելացել են չորս անգամ: Այս ապրանքային նշանը առաջնայիններից մեկն է «Պեռնո Ռիկարում», որի ներկայությունը խմբի ապրանքատեսականու մեջ անհրաժեշտ է հետագա զարգացման համար այնպիսի երկրներում, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանը:

Այս հայտարարությունները ավելի քան անհիմն են, քանի որ ԵԿԳ-ն, որը մեղադրվում է կոնյակի սպիրտի ներկրման մեջ, ոչ միայն երբեւէ կոնյակի սպիրտ չի ներկրել, այլեւ 1999 թ. հայկական կոնյակի արտադրության ստանդարտների ընդունման նախաձեռնողն է, որոնց համաձայն, հայկական կոնյակ կարող է կոչվել միմիայն այն կոնյակը, որը արտադրվել է Հայաստանում աճեցված խաղողից, ինչպես նաեւ թորվել եւ շշալցվել է Հայաստանում:

Պետք է նշել նաեւ, որ Երեւանի կոնյակի գործարանը Հայաստանում տեղական խաղողի գլխավոր եւ հիմնական գնորդն է: Միայն 2005 թ. մենք նախատեսում ենք հայ խաղողագործներից գնել մոտ 25 000 տոննա որակյալ խաղող, որը 20 տոկոսով գերազանցում է մեր 2004 թ. ցուցանիշը:

Ի վերջո, ԵԿԳ-ն Հայաստանում միակ ձեռնարկությունն է, որն ունի անհրաժեշտ քանակության բարձրորակ սպիրտ, որն օգտագործվում է այնպիսի բարձրակարգ կոնյակի արտադրության համար, ինչպիսին է «Նաիրին»: Վերջերս թողարկված նոր տեսականու մուտքը շուկա նպատակ ունի սատարելու ԵԿԳ որդեգրած պրեմիումիզացման քաղաքականությանը, այսինքն ավելացնելու վաճառվող հնեցված կոնյակների տեսակարար կշիռը, որն անհնար կլիներ առանց համապատասխան պաշարների:

Այս ամենից բխում է, որ հարկավոր է անմիջապես կազմակերպել համապատասխան մարմինների կողմից տեղական կոնյակ արտադրողների թե՛ մթերված խաղողի, թե՛ սպիրտի պաշարների եւ որակի հսկում: Մենք վստահ ենք, որ պարբերաբար իրականացվող նման ստուգումը թույլ կտա ապահովել խաղողագործության երկարատեւ զարգացումը, ինչպես նաեւ որակյալ կոնյակի արտադրությունը Հայաստանում:

ԵԿԳ մամլո ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4