«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2005-09-28 | #174, 2005-09-29 | #175, 2005-09-30


«ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՆՔ, ՄԵՆՔ ԿԼԻՆԵՆՔ»

Ցեղասպանության 90-րդ տարելիցին Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը փետրվարին հայտարարել էին լավագույն գրական ստեղծագործությանՙ «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով միջազգային մրցույթ: Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի ուսանողներն ու աշակերտները երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում կայացավ մրցույթի արդյունքների ամփոփման ու մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթին ներկայացված 320 աշխատանքներից 44-ն արժանացել է մրցանակների, որից 7-ըՙ գլխավոր մրցանակ (4-ըՙ ուսանողական, 3-ըՙ դպրոցական), 12-ըՙ տարբեր անվանակարգերի հաղթողներ, 25-ըՙ պատվոգիր:

Միջոցառումը բացվեց «Հովեր» կամերային երգչախմբի ելույթով (գեղ. ղեկ.ՙ Սոնա Հովհաննիսյան), որից հետո ներկաներին ողջունեց ու մրցույթի հաղթողներին շնորհավորեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մասնակիցներին, որովհետեւ այն աշխատանքը, որ նրանք արել են, մեծ նշանակություն ունի եւ լրացնում է մեկը մյուսին: Երեկ Ազգային ակադեմիայում մենք ներկայացրինք Յուրի Բարսեղովի գրած 2500 էջանոց եռահատոր գիրքը: Գրքում արծարծված ցեղասպանության թեման շատ խոր վերլուծությամբ է ներկայացված: Այդ թեման այնպիսին է, որ որտեղ էլ լինենք, անհանգստացնում ու մտահոգում է ամեն մի հայիՙ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում եւ այլուր: Համաշխարհային հայկական կոնգրեսը մշակել է նոր ծրագիր, որով արդեն ժամանակն է, որ գործենք ու աշխատենք միասին, ստեղծենք մի մեխանիզմ ու զբաղվենք այդ հարցով: Այդ ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանի կառավարության ու սփյուռքի հետ համատեղ: Ես հավատացած եմ, որ կգա այդ օրը, երբ իր արդարացի լուծումը կստանա այդ խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է Կոնգրեսին ու Ռուսաստանի հայերի միությանը, մենք մինչեւ վերջ, մինչեւ Հայոց ցեղասպանության հարցի լուծումը շարունակելու ենք ամենամյա միջազգային մրցույթը: Կանցկացնենք ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում, որպեսզի այդ երկրների կառավարություններին մեկ անգամ եւս հիշեցնենք, որ կա նման հարց, ու մենք լուծում ենք պահանջում: Մենք նախատեսել ենք 2006-ին մրցույթն անցկացնել Հայաստանում, 2007-ինՙ ԱՄՆ-ում»:

Մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նույնպես շնորհավորելով մրցանակակիրներին նշեց. «Մրցույթի արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները: Եթե ծանոթանայիք այդ 320 աշխատանքներին, ապա կտեսնեիք, թե ինչպիսի հավատով, նվիրումով ու վճռականությամբ է գրված ամեն մի տողն, ուր կամա թե ակամա տեսնում ես մեր ապագան...»: Պրն Աղայանը տեղեկացրեց, որ կազմկոմիտեի որոշմամբ Վանաձորի միջնակարգ դպրոցին, որ մրցույթին ներկայացրել է 23 աշխատանքներ, նվիրվեց համակարգիչ: Համակարգիչներ ստացան նաեւ 7 գլխավոր մրցանակակիրները, իսկ մյուսներըՙ թանկարժեք նվերներ: Մրցույթի կազմակերպիչներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

Միջոցառման ընթացքում գրական կոմպոզիցիայով հանդես եկան մրցանակակիրները եւ հանրապետության ճանաչված արվեստագետները:

Միջոցառման ավարտին խնդրեցի պրն Աբրահամյանին տեղեկացնել առաջիկա ծրագրերի մասին: Պրն Աբրահամյանը պատասխանեց. «Արդեն 5500 համակարգիչներ բաժանել ենք, եւ այսօր էլ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ էի, այդ մասին խոսեցի ու նշեցի, որ ոչ միայն պետք է շարունակենք համակարգիչների տրամադրումը, այլ նաեւ մասշտաբները մեծացնենք, հետեւողական լինենք, թե մինչեւ այժմ բաժանվածները գործու՞մ են, ծառայո՞ւմ են բուն նպատակին, թե՞ պարզապես մնացել են որպես բուտաֆորիա: Իսկ եթե կլինեն խնդիրներ ցանցերի միացման հարցում, կլուծենք, կօգնենք: Իսկ ինչ վերաբերում է մրցույթին, բացի մեզանից, մյուսներն էլ պիտի մեզ նման միջոցառումներ անեն, մինչեւ հարցի դրական լուծումը: Մենք որոշել ենք ամեն տարի ոչ միայն ցեղասպանության թեմայով, այլեւ այլ թեմաներով ամենամյա մրցույթներ կազմակերպել, որպեսզի մեր երիտասարդությունն իր երկրի նկատմամբ հավատի զգացում ունենա: Երկու օր հետո մենք Համաշխարհային հայկական կոնգրեսի կոչը կհրապարակենք, որտեղ հստակ նշվում է որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփյուռքը միանան ու միասին հանդես գան, որ սրանից հետո ոչ թե ճառեր ասենք, գրքեր գրենք, այլ պրակտիկ աշխատանք տանենք, ստեղծենք մի խումբ սփյուռքի կողմից, որը պետք է կրի պատասխանատվություն ամենօրյա աշխատանքների համար, ՀՀ կառավարությունը եւ սփյուռքը իրար հետ քայլերը համաձայնեցված համագործակցեն: Ես հավատում եմ, որ կգա այդ օրը եւ վաղ թե ուշ այդ հարցը կլուծվի:

«Նախագահի հետ մեր Կոնգրեսի պատվիրակությունը քննարկեց եւ համաձանվեց նաեւ, որ կառավարության եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համաձայնեցնենք մեր քայլերը, որպեսզի շուտով Երեւանում ստեղծենք այնպիսի մի կենտրոն, որը կզբաղվի բոլոր ուղղություններով: Մեր այս առաջարկին նախագահը տվեց իր հավանությունը եւ այժմ ճշտվում են այդ մեխանիզմները: Այդ կենտրոնը ծառայելու է բոլորին, եւ ամեն ոք կարող է իր մասնակցությունը ունենալ: Մենք ստանձնում ենք պարտականություն ծրագրերի, միջոցառումների պատրաստման եւ ֆինանսավորման: Եղավ նաեւ պայմանավորվածություն, որ նախարարը մոտ ժամանակներս կժամանի Մոսկվա եւ մանրամասն մեկ անգամ եւս վերջնական քննարկումից հետո, կտրվի եզրակացություն», ասաց պրն Աբրահամյանը եւ շտապեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4