Իսկ ոսկերիչների եւ ադամանդագործների միության նախագահըՙ ոլորտի խնդիրները
Երեւանում երեկ բացվեց ամենամյա 8-րդ միջազգային ոսկերչական «Ոսկեգործություն-2005» ցուցահանդես-վաճառքը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 3-ը: Շուրջ 5 տասնյակ մասնակիցների թվում են ոչ միայն տեղական, այլեւ Ռուսաստանը, Վրաստանը, Իտալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան եւ այլ երկրներ ներկայացնող ընկերություններ: Խոսելով ցուցահանդեսի եւ ընդհանրապես այս ոլորտի խնդիրների մասին, միջոցառման կազմակերպիչ, Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը նշեց, որ այս ոլորտի ցուցանիշներն անցյալ տարի զիջեցին նախորդՙ 2003 թ.-ի ցուցանիշներին, եւ այս ցուցահանդեսը այդ խնդրի լուծման ճանապարհներից մեկն է: Այն հնարավորություն կտա տեղական արտադրողներին տեղեկանալու աշխարհում տեղի ունեցող զարգացումների, նոր տեխնոլոգիաների եւ նոր արտադրատեսակների մասին:
Ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահն, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, կարեւորեց «Թանկարժեք քարերի եւ մետաղների շրջանառության մասին» օրենքը, որը շուտով քննարկման կդրվի Ազգային ժողովում: Օրենքը կազատականացնի ոսկերչության եւ ադամանդագործության օրենսդրական դաշտը եւ կբարձրացնի այդ ոլորտում ընդգրկվածներիՙ արտադրողների եւ վաճառողների պատասխանատվությունը: Արտադրողին, օրինակ, իրավունք կտրվի դրոշմելու իր արտադրած ոսկու հարգը, ինչն, ըստ Էմիլ Գրիգորյանի, անհատական մեծ պատասխանատվություն է ենթադրում: Խանգարող գործոնների թվում նա նշեց այն հանգամանքը, որ կրկնակի օգտագործման ապրանքների ցուցակում ընդգրկվել են արհեստական քարերը, որոնք օգտագործվում են մատանիների վրա եւ չեն կարող կրկնակի օգտագործման առարկա լինել: Դա դժվարություն է ստեղծում ինչպես դրանց ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ:
Ադամանդագործության վերաբերյալ խոսելով, Էմիլ Գրիգորյանը անդրադարձավ տեղական արտադրողների համար ստեղծված աննպաստ իրավիճակին: Վերջիններս, ի տարբերություն այն ընկերությունների, որոնք ունեն իրենց հումքը (LLD, «Ռոզի բլյու»), աշխատում են, իսկ մյուս արտադրողները չունեն իրենց հումքը եւ մեծ մասամբ հայտնվում են պարապուրդի մեջ:
«Որտե՞ղ է սպառվում ցուցահանդեսում ամենամեծ տաղավարն ունեցող Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը» մեր հարցին ի պատասխան, նաեւ այդ ձեռնարկության ղեկավար Էմիլ Գրիգորյանը հայտնեց, որ իրենց արտադրանքի սպառման հիմնական շուկաներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, միջինասիական երկրները: «Իսկ թե ինչո՞ւ ներքին շուկան հիմնականում ողողված է ներմուծվող ոսկեղենով» հարցին էլ նա պատասխանեց, որ ներքին շուկայում սպառվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքի 5-10 տոկոսը: Դրա պատճառը նա համարեց վաճառողների պակաս կապիտալացված լինելը, որոնք դեռեւս չեն կարողանում ձեռնարկությունից կանխավճարով ապրանքներ գնել: Իսկ այլ կերպ նրանց հետ աշխատելն էլ շահավետ չէ ձեռնարկության համար, որովհետեւ այն եւս շրջանառու միջոցների կարիք ունի:
Ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն ոսկերչական արտադրանք թողարկող, այլեւ քարերի եւ մետաղների մշակման ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ: Զրուցեցինք վերջիններից մեկիՙ Արտակ Բոջիկյանի հետ: Նա մասնավորապես հայտնեց, որ իր ղեկավարած ձեռնարկությունը զբաղվում է աշխարհի տարբեր վայրերից ստացված քարերի մշակմամբ: Պատրաստվում են հուշանվերներ, արծաթյա զարդեր եւ այլն: Դրանք սպառվում են Հայաստանում եւ հիմնականում արտերկրումՙ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում: Արտակ Բոջիկյանն ընդգծեց նաեւ, որ ապրանքներն արտահանելիս քաշքշուկներ եւ խնդիրներ են առաջանում մաքսատանը:
Ցուցահանդես-վաճառքի բացումից եւ ներկայացված ոսկերչական արտադրատեսակներին ծանոթանալուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տպավորությունները հայտնեց լրագրողներին: Նա նշեց, որ այս ոլորտը շարունակում է մնալ գերակա կառավարության համար, եւ մեր արտադրանքը կարող է ներկայանալ աշխարհի ամեն մի շուկայում: Նա կարեւոր համարեց ոսկերչության համար հաստոցներ եւ այլ սարքավորումներ պատրաստող ընկերությունների ներկայությունն այս ցուցահանդեսում: Այս ոլորտում որոշակի անկումը նախագահը պայմանավորեց ռուսական շուկայում ադամանդի վաճառքի ազատականացմամբ, ինչը ժամանակավոր է, որից հետո մեր գործարարները նոր պայմաններում ավելի ճկուն կդառնան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ