Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, ՀԳԱ ակադեմիայի պատվավոր դոկտոր Լեւոն Զեքիյանի ջանքերի շնորհիվ 20 տարի առաջ նույն հաստատությունում հիմնադրվեց հայոց լեզվի ամառային խտացյալ դասընթացները: 1979-ին առաջին անգամ լինելով ԱՄՆ համալսարաններից մեկումՙ նա հանդիպում է բանաստեղծ, գրաքննադատ Վահե Օշականին, որը մոտ 40 աշակերտի հայերեն էր ուսուցանում: Այս նույնը մտահղանում է իրականացնել Վենետիկում եւ նույն տարին Փարիզից ստանում է նման առաջարկ: Եվ չնայած անպատրաստ վիճակին, Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանի այդ ժամանակվա տնօրեն Հայր Հարություն Պզտիկյանի հետ կարողանում է կազմակերպել այս դասընթացները, որոնք որոշ ընդհատումներով կանոնավորվեցին 1986 թվականից եւ արդեն 20 տարի դրանց հայապահպան նշանակությունը փաստվել է ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում:
Այս տարիներին աշխարհի տարբեր բնակավայրերից հարյուրավոր սփյուռքահայեր բախտ են ունեցել ուսանել վենետիկյան միջավայրում, իսկ 1989 թ.-ից սկսած Հայաստանից Վենետիկ ուսուցչության են մեկնել գիտնականներ, պատմաբաններ, արվեստաբաններ: Ուծացման վտանգի տակ գտնվող սփյուռքահայ կրթական դաշտի այսօրվա ֆոնին (Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան, Կիպրոսի Մելգոնյան վարժարանների փակումը) այս դասընթացները կարեւորվում են իբրեւ հայապահպան գործոն:
Երեկ ՀԳ միությունում տեղի ունեցավ Լ. Զեքիյանի ղեկավարած խտացյալ դասընթացների 20-ամյա գործունեությանը նվիրված «Յուշամատեան» գրքի շնորհանդեսը: Այդ քսան տարիների պատմությունն ամփոփող «Յուշամատեանը» վավերական նյութ է հանդիսանալու ապագա սերունդների համար: Կազմող եւ խմբագիր, Բեյրութի «Զարթօնք» թերթի աշխատակցուհի Սալբի Գասպարյանն ամփոփ ներկայացրեց աշխատության բովանդակությունը 4 բաժիններով:
Կա Ֆոսկարի համալսարանի ամառային այս դասընթացները շատերի համար իրապես եղել են հայ ինքնությունը վերականգնելու միջավայր, եւ, ինչպես վկայեց երիտասարդ մի ընթացորդուհի, դա եղել է նաեւ հայապահպանության աշխարհայացքի ձեւավորման կենտրոն: Իսկ շատ օտարազգիների մեջ կան նաեւ անվանի հայագետներ:
Վենետիկի դասընթացների հայաստանցի առաջին ուսուցիչըՙ Երեւանի Մատենադարանի գիտաշխատող Գեւորգ Տեր-Վարդանյանը, պատմում էր, որ իր առաջին այցին ունեցել է հայերեն սովորող անգամ 70-ամյա աշակերտ, եւ երկար տարիներ շարունակվող նամակագրության ընթացքում նա իրեն դիմում է «սիրելի ուսուցիչ» ձեւով: Այստեղ ուսուցանել է նաեւ արվեստաբան, Երեւանի գեղակադեմիայի պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը: Նա ներկայացրեց վենետիկյան դասընթացներում տիրող աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների նոր մթնոլորտըՙ պարզ անմիջականության մարդկային շփումների որակներով: Եվ այս ամենը շնորհիվ ուսյալ, լայնախոհ, բարեկիրթ հոգեւորական եւ մտավորական Լեւոն Չեքիյանի, որ «Պոլսի հին մտավորականության եւ Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության լավագույն որակներն է կրում իր մեջ»:
«Դուք իր հետ կխոսիք, ես իր հետ կապրիմ», Մխիթարյան միաբան Հ. Հարություն Պզտիկյանը լավագույնս բնութագրեց իր հետ միասին «մեծ հայագետներու շունչին տակ» ուսանած եւ դեռեւս երիտասարդ տարիներից ուշիմ, բանիմաց նախկին Մխիթարյան սանին, որ բծախնդիր էր եւ «լավագույն լատիներենով» հարցեր էր մշտապես ուղղում եւ իր կրթության հանդեպ խիստ նախանձախնդիր էր. «Հայր Լեւոնը կխտացնե Սեբաստացու հոգեւոր ժառանգությունը եւ ներկա է ամենուրՙ օրաթերթերու մեջ, գիրքերու մեջՙ անգլերենով, ֆրանսերենով, լատիներենով, իտալերենով, այնտեղ, որտեղ հայ մշակույթի դեմ անիրավություն կկատարվի»:
Ցերեկույթը վարող եւ դասընթացներին որպես ուսուցիչ մասնակցած գրականագետ Հենրիկ Բախչինյանը կոչ արեց պաշտպանել ու աջակցել հայոց լեզվի խտացյալ դասընթացների աշխատանքները որպես սփյուռքի մշակութային կարեւոր արժեք եւ օջախ, որն անկախ պետականության պայմաններում պետական հոգածության եւ հովանավորության անհրաժեշտություն է զգում: Նույն առաջարկն արեց նաեւ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:
Իր մասին հնչած բոլոր խոսքերը Հայր Լեւոնը վերագրեց Մաշտոցի հանճարինՙ նրա 36 զինվորներին, որոնք հայ ինքնության գլխավոր միջնաբերդն ենՙ մեր սկիզբը, շարունակությունը, հարատեւումը: Ըստ Լ. Զաքիյանի, ամենագովելին այս դասընթացների այն է, որ մասնակից է դարձրել ե՛ւ կուսակցականներին, ե՛ւ անկուսակցականներին, ե՛ւ կրոնավորներին ե՛ւ ոչ կրոնականներին, ե՛ւ արեւելյան ու արեւմտյան սփյուռքահայերին: Եվ այդ համաձուլումը դյուրին չի եղել, որի մեջ խոր իմաստավորում է նա տեսնում: Որպես օրինակ բերվեց Արփիար Արփիարյանի կենսագրական այն փաստը, երբ 2 տարբեր կուսակցությունների կողմից մահափորձի ենթարկված գրողը մահանում է աղքատության մեջՙ «ես հայ եմ» ասելով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ