«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ՔԱՆԱՔԵՌՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍ ԿԱԶԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

«Մեր նախաձեռնությամբ, բայց կազակների ակնարկով»

Պատմական Հայաստանի տարածքում մղվող ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ ռուսական զորքերի կազմում կռվել են նաեւ կազակներ: Նրանք մեծ ներդրում են ունեցել Երեւանի բերդի համար մղվող պայքարում:

Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում կիրակի օրը «Ռուսաստանի կազակներին շնորհակալ հայ ժողովրդից» մակագրությամբ Քանաքեռում բացվեց կազակների հիշատակը հավերժացնող հուշարձան, որի կառուցումը, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության նախագահ Ալբերտ Պոպովի խոսքերով, «եղել է մեր նախաձեռնությամբ, բայց կազակների ակնարկով»:

Հուշարձանը կառուցվել է 2 ամսում Դոնի Ռոստովի հայ համայնքի նվիրատվությամբ, իսկ հուշարձանին հարող տարածքի բարեկարգմանն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը: Բացման արարողությանը ներկա էին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Դոնի Ռոստովի նահանգապետ Վլադիմիր Չուբը, Հարավային Ռուսաստանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, Կուբանի կազակների միության ղեկավար Վլադիմիր Գրոմովը, Դոնի Ռոստովի հայ համայնքի ղեկավար Էդուարդ Վարդանյանը, Նոր Նախիջեւանի ներկայացուցչությունը, Վրաստանի կազակների միության նախագահը, կազակների միությունների անդամներ եւ ատամաններ:

Դոնի Ռոստովի նահանգապետ Վլադիմիր Չուբը իր ելույթում կարեւորեց հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի դինամիկ զարգացումը, որն, իհարկե, ունի հին արմատներ: «Մենք շատ հուզված ենք, որ այստեղ` ռուսի արյուն թափված հողում, 200 տարի հետո հուշարձան է կանգնեցվում», նշեց նահանգապետը:

Հուշարձանի հեղինակ Արմեն Համբարձումյանի խոսքերով, հուշաքարը կառուցվել է զարմանալի արագությամբ` 2 ամսում: Այն զինվորի տեսքով սահմանապահի սիմվոլ է, որի բացումն օրհնեց Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4