«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎ. «ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ ԵՍ ԱՆԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՉԵՄ ՔՆԵԼ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստի մասին հանրային ռադիոյի սրահում երեկ մանրամասներ հաղորդեցին Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Դեմոյանը:

Փաստաբանը նշեց, որ դատավարության սկզբում ընթերցվել է հայկական կողմի միջնորդությունը ծանր հանգամանքներում կատարված սպանության հոդվածը ցեղասպանությամբ փոխարինելու վերաբերյալ, ինչն անմիջապես հանդիպել է ադրբեջանական կողմի փաստաբանների առարկությանը: Նման միջնորդություն փաստաբանն արել էր նաեւ նախաքննության ընթացքում եւ մերժվել, իսկ այս անգամ դատարանը որեւէ պատասխան չի տվել: «Փորձեցինք մեկ անգամ եւս այդ հարցը դնել, չնայած որեւէ հույս չունեինք, որ մեր օրերում Եվրոպայում որեւէ մեկին այդ հոդվածով կդատեն», ասաց Վարդանյանը:

Հայտնի է դարձել, որ լիտվացի սպան այլեւս չի մասնակցելու դատական նիստերին, փաստորեն ոչ ոք չգիտի նրա տեղը: Դատարանը հիմք է ընդունել նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքը, որն իր հիմնական դրույթներում ամբողջապես համընկել է Գուրգեն Մարգարյանի սենյակակից, գործով վկա Հայկ Մակուչյանի ցուցմունքների հետ: Նիստի ժամանակ վերջինիս վրա հոգեբանական նկատելի ճնշում է գործադրվել, հիմնականում շեշտադրվել եւ տարբեր հնչերանգներով մի քանի անգամ հնչել է այն հարցը, թե գուցե Սաֆարովն «իրենից դուրս եկած վիճակո՞ւմ է եղել այդ պահին»: «Կարծում եմ, դատարանը համոզվեց, որ Հայկ Մակուչյանի ցուցմունքներում հակասություններ չկան, ակնհայտ դարձավ նրա եւ Սաֆարովի մտավոր մակարդակը, որովհետեւ ամբողջ դատաքննության ընթացքում տարվող քաղաքականությամբ ադրբեջանցին մի անգամ ընթերցել է իր ցուցմունքը եւ դրանից հետո հրաժարվում է պատասխանել հարցերին», նշեց փաստաբանը:

Հայկ Դեմոյանը հավելեց, որ այս դատավարության ժամանակ Սաֆարովն այնպես է հուզվել, որ նրա խոսքը վերածվել է զավեշտի: Սպանության ծրագրված լինելը հերքելու համար նա ասել է. «Վերջին գիշերն Անար Ալիեւը չի քնել ինձ հետ», որին հաջորդել է դատավորին հետեւյալ խոսքըՙ «համատեղ սպանություն ծրագրելու համար անպայման չէ միասին գիշեր անցկացնել»: Սաֆարովի ամենախոցելի կետիՙ կացին գնելու վերաբերյալ դատավորի հարցից հետո մեղադրյալը իրար է անցել եւ հրաժարվել է այլեւս խոսելուց:

Անար Ալիեւը ներկա չի եղել նաեւ այս նիստին: Զայրացած դատավորին ադրբեջանցիները խոստացել են, որ հաջորդ նիստին նա անպայման կմասնակցի: Հայկական կողմը միջնորդություն է ներկայացրել նրան հանցակից ճանաչելու, ինչպես արել էր նախաքննության ընթացքում եւ մերժում ստացել: Դատավարության վերջում լսվել են դատահոգեբանական 2 փորձաքննությունների արդյունքները: Եթե առաջինը Սաֆարովին համարել է լրիվ առողջ մարդ, որը գիտակցաբար է կատարել հանցագործությունը, ապա երկրորդը գիտական որեւէ հիմնավորում չի տվել, այլ միայն նշել է Սաֆարովի պատմություններն ու երազներըՙ նրան համարելով սահմանափակ մեղսունակ: Երկու եզրակացություններում առկա հակասությունները դատախազին թույլ են տվել միջնորդություն ներկայացնել երրորդի անցկացման համար: «Առաջին փորձագետն ուղղակի ջախջախեց երկրորդին, նույնիսկ հարցն այսպես դրեցՙ «մեզանից մեկն ու մեկն այստեղ ստում է»: Երկրորդ փորձագետը նշել էր, թե իբր Թուրքիայում ծառայության ժամանակ Ռամիլ Սաֆարովն ընդունել է «Քսենեքս» դեղամիջոցը, որն ընդունում են հոգեկան ցնցումներ ունեցող հիվանդները: Առաջին փորձագետը միանգամից հերքեց այդ սուտը, պնդելով, որ այդ դեղամիջոցն այն ժամանակ չէր արտադրվում: Թեպետ երկրորդ փորձագետն ամեն կերպ ջանում էր Սաֆարովին արդարացնելու միջոցներ գտնել, սակայն նրա անվստահությունն ակնհայտ էր», ասաց Դեմուրյանը:

Նազելի Վարդանյանի համոզմամբ, այս նիստում դատարանը հանգիստ կարող էր հիմք ընդունել առաջին փորձագետի եզրակացությունը եւ վճիռ կայացնել, սակայն նշանակվեց երրորդ փորձաքննություն, որն ի տարբերություն նախորդների լինելու է փաստաթղթային, այսինքնՙ համեմատվելու են 2 եզրակացությունները: «Եթե ադրբեջանական կողմը ճնշում չգործադրի, կարծում եմ, որ ի հայտ կգան այդ հակասությունները, եւ դեկտեմբերին կլսենք դատահոգեբանական վերջնական եզրակացությունը», ասաց փաստաբանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4