Առաջարկում է Նոյեմբերյանի գործող քաղաքապետ եւ թեկնածու Վանուշ Ամիրաղյանը
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոսքի արժեքը լավ գիտի, տալիս է խոստումներ, որոնք տեղավորվում են իր եւ իր քաղաքի ու երկրի հնարավորությունների շրջանակում: Կյանքը շարունակում է դժվար լինել շատ նոյեմբերյանցիների համար, սակայն վերջին երեք տարիներին մոտ հինգ ու կես հազար բնակչությամբ քաղաքում կատարվել են աշխատանքներ, որոնք հույս են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ:
«Տարիներ առաջ Ռուսաստան գնացած տղաները երբ գալիս են եւ Նոյեմբերյանը տեսնում նոր դեմքով, միգուցե կատակով, բայց ասում են, որ հետ գալու ժամանակն է: Իհարկե, կան նաեւ հետ եկողներ, ճիշտ է` քիչ: Բայց լավ է` արտագաղթն է գրեթե դադարել, կան սեզոնային աշխատանքի մեկնողներ, բայց այլեւս այս երկրից հոգնած, ընտանիքներով հեռացողներ չկան: Սա է ինձ ուրախացնում», ասում է նա:
2002 թ. Ամիրաղյանը համայնքային բյուջեն ընդունել է 10 մլն դրամ պակասորդով, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել է փակել բոլոր պարտքերը, իսկ 2003 թ. ապրիլից ամեն ամսվա առաջին օրը վճարել է ե՛ւ աշխատավարձերը, ե՛ւ ընթացիկ ծախսերը: «Մեզ հաջողվել է քաղաքային բյուջեից գումարներ ներդնել համայնքի բարեկարգման համար, երկու անգամ բարձրացրել ենք աշխատավարձերը, 2003 թ.-ից մինչեւ այսօր պարտքեր չունենք: Համայնքի բյուջեն 43 մլն-ից հասցրել ենք 65 մլն-ի, ընդ որում կատարման տոկոսը նախկինում եղել է մոտ վաթսուն, իսկ վերջին երեք տարիներին ավելի քան իննսուն», ասում է նա:
Քաղաքապետը երեք տարի առաջ ընտրողներին տվել է 24 խոստում, որոնցից չի կատարվել ընդամենը երկուսը` ժամանակի եւ ֆինանսների սղության պատճառով: «Վերանորոգվել եւ կահավորվել է քաղաքային մարզադահլիճը, որտեղ նախկին 15-20-ի փոխարեն այսօր մարզվում է 140 երեխա, վերանորոգվել է մշակույթի տունը, խմելու ջրի ներքին ցանցի մոտ 5 կմ-անոց հատված, կառուցվել եւ վերանորոգվել են կենտրոնական եւ կարեւոր փողոցների հենապատերը: Ամենակարեւորըՙ թափանցիկ ձեւով ենք ծախսել գումարները, շռայլություն չենք արել: Նաեւ դրսից ենք ծրագրեր բերել, եղել են աշխատանքներ, որ մենք մեր միջոցներով ենք արել: Ինձ այնքան դրսի դրամական ներդրումները չեն ուրախացնում, որքան իմ համայնքի ներդրումները: Հաջողվել է լուրջ համագործակցություն հաստատել քաղաքի բնակիչների ու հասարակական կառույցների հետ, ինչը մեծապես նպաստել է արդյունավետ աշխատանքին: Մենք շնորհակալ ենք բոլոր նոյեմբերյանցիներին, որոնք թեկուզ բարի խոսքով աջակցել են մեր ընդհանուր գործին, եղել են մարդիկ, որոնք իրենց աշխատանքով կամ ֆինանսական միջոցներից կատարել են շոշափելի ներդրումներ: Առանց նմանատիպ աջակցությունների հազիվ թե կարողանայինք կարճ ժամանակում նման հաջողություններ ունենալ», ասում է նա:
Քաղաքապետի անցած երեք տարիների ամենալուրջ նվաճումը եղել են վստահությունը, որ նա այսօր ունի նոյեմբերյանցիների շրջանում եւ, անշուշտ, քաղաքային զբոսայգու բարեկարգումը: Զբոսայգին քաղաքի կենտրոնում է եւ նախորդ 10-15 տարիներին հասցրել էր վերածվել աղբանոցի: «Սեփական միջոցներից 10 միլիոն դրամ ենք դրել քաղաքային զբոսայգու վրա` մեր բյուջեում նախկինում կուտակված ապառքները հավաքելով: Մեր ներդրումները սկսել ենք կենտրոնից: Իմ ընտրվելուց հետո զբոսայգու տարածքում այլեւս հողահատկացում չի արվել, ավելին` ապամոնտաժվեցին 14 կրպակներ, չեղյալ համարվեցին զբոսայգում հողահատկացման բազմաթիվ որոշումներ: Նախկինում աղբանոցի վերածված տարածքը դարձել է քաղաքի ամենալուսավոր եւ ամենաբարեկարգ վայրը, որտեղ հավաքվում են երիտասարդները: Ունենք շատրվան եւ բարեկամության հուշակոթող, որը չի եղել նախկինում, բավական երկար տարիներ մանկական խաղեր չունեինք, հիմա կրկին վերականգնել ենք: Իհարկե, մենք ֆինանսական մեծ հնարավորություններ չունենք, առայժմ բարեկարգում ենք կենտրոնը եւ հարակից գլխավոր փողոցները, որոնցից ավելի շատ մարդ է օգտվում: Ծայրամասերում բնակվողներին խնդրում ենք ճիշտ հասկանալ, մի քիչ համբերել, խոստանում, որ ձեր փողոցն էլ է բարեկարգվելու եւ դառնալու լուսավոր», ասում է նա:
«Առաջիկա տարում պետք է սկսենք մարզադաշտի եւ հարակից տարածքի բարեկարգումը: Որոշել ենք Նոյեմբերյանի մուտքերի վրա ունենալ քաղաքի խորհրդանիշը: Լավ է, հիմա չկա պատերազմ, մարդիկ մտածում են ստեղծագործ աշխատանքի մասին: Նոյեմբերյանի ենթաշրջանի տարածքում հարյուրավոր հեկտար պտղատու այգիներ են հիմնվել եւ վերամշակող ձեռնարկություններ ստեղծելու խնդիր է առաջացել: Մենք պայմանավորվածություն ունենք Նոյեմբերյանի քույր հունական Վիրոնա քաղաքի քաղաքապետարանի հետ եւ հավանական է արդեն գարնանը Նոյեմբերյանին 500-600 հազար եվրո տրամադրվի գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու համար: Դա բավականին մեծ գումար է մեր փոքր քաղաքի համար, ավելի քան 100 մարդ ժամանակավոր աշխատանք կգտնի, ու ամենակարեւորը` մարդիկ կկարողանան միրգը հանձնել գործարան»:
Քաղաքապետն ասում է. «Երեք տարի առաջ մեր քաղաքացիները իրենց քվեով ինձ եւ ավագանուն տվեցին ղեկավարելու եւ որոշում կայացնելու հնարավորություն, որը մենք փորձել ենք իրականացնել թափանցիկ, արդար, մաքուր, առանց շռայլելու»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ