Այսօր «Ազգ» ռուսալեզու շաբաթաթերթն իր 4-րդ համարն է մատուցում ընթերցողներին: Նախորդ 3 համարները Հայաստանի եւ Ռուսաստանի ընթերցողներն ընդունեցին գոհունակությամբ: Քիչ չեն այդ առթիվ մեր ստացած էլեկտրոնային նամակները, որոնք շնորհավորում եւ հարատեւություն են մաղթում խմբագրությանը: Ի դեպ, առաջին շնորհավորողներից մեկը եղավ քաղաքական հայտնի փորձագետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակունքներում կանգնած դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը: Շնորհակալություն քաջալերական խոսքերի համար: Այս ընթացքում խմբագրությունս, բնականաբար, ստացավ նաեւ բարեկամական դիտողություններՙ թերթի արտաքին տեսքի եւ բովանդակության վերաբերյալ: Այդ դիտողությունները, ինչպես նաեւ խմբագրակազմի դիտարկումները հաշվի կառնվեն շաբաթաթերթի հետագա համարները պատրաստելիս: Ի վերջո մեր նպատակն է Ռուսաստանի եւ Հայաստանի մեր ընթերցողներին մատուցել տեսքով ու բովանդակությամբ անթերի շաբաթաթերթ:
Ինչպես նախորդ 3 համարները, շաբաթաթերթի ներկա համարն էլ ընթերցողներին մատուցվում է անվճար, այսպես կոչվածՙ ինքնաներկայացման, ինքնածանոթացման համար: Սակայն հաջորդ համարից սկսյալ, որը լույս կտեսնի հոկտեմբերի 18-ին, շաբաթաթերթը կդառնա վճարովի, կսկսվի նաեւ բաժանորդագրությունը: Այսուհանդերձ, լրիվ գունավոր եւ հատուկ թղթի վրա 16 էջանոց շաբաթաթերթի գինը Հայաստանում կլինի խիստ մատչելիՙ ընդամենը 100 դրամ: Իսկ Ռուսաստանում կգործեն այլ սակացույցներՙ նկատի ունենալով տեղական պայմանները:
Այս առիթով հարկ ենք համարում հիշեցնել մեր գործարար շրջանակներին, Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում գործող բիզնեսի ներկայացուցիչներին, որ իսկապես ձեռնտու կլինի իրենց գովազդն ու ծանուցումները տեղադրել այս թերթումՙ նկատի ունենալով նրա տարածման աշխարհագրությունը: Սկզբնական շրջանում գովազդային տարածքների գինը նույնպես կլինի մատչելի, կգործի զեղչերի համակարգ: