«Այս քաղաքն իմ հարազատն է, եւ ուրիշ հարազատ քաղաք նրանից զատ ինձ համար չկա աշխարհում, ասել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մի առիթով: Այս իմաստով ես մի քիչ, հիվանդոտ ասեմ, թե՞ խանդոտ բնավորություն ունեմ, որովհետեւ իմ կյանքը չեմ կարող պատկերացնել առանց այս քաղաքի եւ մի տեսակ խենթացած սիրով եմ սիրում Երեւանը: Բայց ասեմ նաեւ, որ այսօրվա Երեւանը իմ Երեւանը չէ: Իմ սերնդի մարդիկ թող իզուր չփնտրեն իրենց Երեւանը. մեր այն Երեւանն այլեւս չկա, այն Երեւանի մարդիկ չկան: Չկա միմյանց հանդեպ մեր այն ջերմ, անկաշառ սերն ու ակնածանքը: Չկա մեր բակի Բետանա թթի ծառը: Այդ ծառն է կերակրել մեր ընտանիքը. հայրս աքսորված էր, ես ու մայրս անհամբեր սպասում էինք, թե երբ պիտի հասունանա թութը: Ուրիշ բան չունեինք ուտելու... առավոտյանՙ հաց ու թութ, կեսօրինՙ հաց ու թութ, երեկոյանՙ հաց ու թութ: Այնպես որ, այդ թթի ծառն ինձ համար ամեն ինչ էր:
Զարմանալի մի ջերմություն կար իմ հուշերի Երեւանում, ուրիշ փոխհարաբերություններ էին: Այդ ամենի մեջ ես կառանձնացնեմ զարմանալի փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: Մարդն արժեք էր: Մեկը մի ուրախություն ունենարՙ բոլորի ուրախությունն էր, ցավ ապրերՙ իր հետ բոլորն էին ապրում այդ ցավը: Ամաչել գիտեին: Այդ «ամոթ» բառը կարծես թե հիմա մոռացված է:
Ես գիտակցաբար այդ ամենը չեմ էլ փորձում փնտրել այս քաղաքում. մի տեսակ ուրիշ քաղաք է հիմա: Դա էլ եմ բնական համարում. ի վերջո հասարակարգ է փոխվել»:
Ս. ԳԱԼՈՅԱՆ