«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ ԲԱՐՈՎ ԼԻՆԻ

Մարդիկ կան, որոնց համար կոչումները լոկ ածանցյալ են: Հատկապեսՙ գրականության ու արվեստի ոլորտի մարդիկ: Պերճ Զեյթունցյանի անվանը ես ի՞նչ ավելացնեմՙ գրո՞ղ, դրամատո՞ւրգ, հրապարակախո՞ս (թուհ, էս ինչ բառ էՙ «հրապարակախոս», ասես փողոցախոս, ամբիոնախոս, տնախոս... մարդ էլ է լինում): Ու հենց այսպեսՙ Պերճ Զեյթունցյան, մարդ, ով իր արածով փառք է բերել ոչ միայն հայ գրին, այլեւ Երեւանին: Ու բնավ պատահական չէ, որ դեռ վերջերս «Հայ արվեստի ասպետ» կոչմանն արժանացած Պերճ Զեյթունցյանին շնորհվեց նաեւ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Համոզված եմ, որ երեւանցիներից շատերն այս իրողությունը պատիվ կհամարեն իրենց համար:

- Ես ընդհանրապես սովորություն չունեմ նշելու իմ կոչումները, սակայն այս մեկը սիրով կարձանագրեմ այսուհետեւ,- պարգեւատրման արարողության ժամանակ նշեց Զեյթունցյանը, ապա կատակով ավելացրեց,- կուզեի, որ իմ անձնագրում փոխվեր ծննդավայրս եւ իմ ծննդյան թիվը:

Չգիտեմ, ուրիշ հարցերում ինչպես, բայց ծննդյան թիվը փոխելու հարկ չկա, բարեկամս: Ավելի երեւանցի, առավել երիտասարդ, միաժամանակ իմաստուն ու մտահոգ երեւանցի ես շատ քչերին եմ ճանաչում Երեւանում:

Ուրեմն թող Ձեր այս մի պատվանիշն էլ բարով լինի մեզ ու Ձեզ այնպես, ինչպես Դուք եք բարությամբ նայում հային, Հայաստանին ու Երեւանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4